Էրդողանը հայտնել է հացահատիկի միջանցքի աշխատանքը վերսկսելու ջանքերի ակտիվացման մասին

Անկարան ակտիվացրել է 2022 թվականի հուլիսին ձեռք բերված Ստամբուլյան պայմանավորվածությունների օրինակով հացահատիկի միջանցքի աշխատանքը վերսկսելու ջանքերը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Սև ծովում անվտանգության հարցը հսկայական նշանակություն ունի թե՛ մեզ, թե՛ ողջ տարածաշրջանի համար։ Սև ծովը այս պատերազմի ճակատը չէ և երբեք չպետք է դառնա։ Կողմերի հետ բանակցությունների ընթացքում մանրամասն ներկայացնում ենք նավագնացության անվտանգության վերականգնման անհրաժեշտությունը։ Դա կրկնակի օգուտ կտա՝ կապահովի պարենային անվտանգությունը և կկանխի պատերազմի տարածումը։

Մենք հստակ հայտարարել ենք, որ չենք ընդունում Սև ծովում առևտրային նավերի վրա հարձակումները՝ անկախ նրանից, թե ով է դրանք իրականացնում, և կողմերից ակնկալում ենք պատասխանատու վարքագիծ։ Ներկայում ակտիվացրել ենք հացահատիկի միջանցքի աշխատանքը վերսկսելու ջանքերը։ Այդ նպատակով արագացնում ենք նաև մեր դիվանագիտական քայլերը։ Ես կրկին այս հարցը քննարկել եմ [Վլադիմիր] Զելենսկու հետ և նրանից դրական պատասխան եմ ստացել»,— Էրդողանի խոսքերը մեջբերում է TRT Haber հեռուստաալիքը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին նրա մասնակցության արդյունքներով։

Leave a Comment