Քաղաքագետ և պատմաբան Վլադիմիր Կիրեևը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի իշխանությունների կողմից պատմության վերաշարադրմանը և Արցախի հայկական մշակութային-պատմական ժառանգության կեղծմանը։
«Ադրբեջանը գործում է միանգամայն այն ավանդույթի շրջանակում, որը բնորոշ է ցանկացած պետության, երբ որևէ տարածքի, տարածաշրջանի, մշակութային օբյեկտների, օգտակար հանածոների հանքավայրերի կամ որևէ այլ ակտիվի նկատմամբ իր հավակնություններն արդարացնելու համար տարբեր եղանակներով հիմնավորումներ է ներկայացնում, այդ թվում՝ պատմությանը հղում անելով։
Այսինքն՝ իբր իրենց նախնիները միշտ ապրել են այստեղ և կառուցել ամեն ինչ։ Իսկ եթե մենք այստեղ չենք ապրել, ապա ուղղակի մշակութային ժառանգորդներն ենք, իսկ եթե մշակութային ժառանգորդները չենք, ապա իրավահաջորդներն ենք։ Այնպիսի «իրավահաջորդներ», որոնց պարզապես խնդրել են իրենց հովանավորության տակ վերցնել այդ օբյեկտները, տարածաշրջանը, ժողովրդին կամ մշակութային հուշարձանները։
Տվյալ դեպքում մենք որևէ նոր բան չենք տեսնում։ Ձևավորվում է պատմական դիսկուրս, այսինքն՝ պատմական հիմնավորում առ այն, որ իբր Ադրբեջանը միշտ տիրապետել է այս տարածքին, և որ այն ադրբեջանական ժառանգության մաս է կազմում։ Դրա համար պետք է շատ մեծ ազնվություն կամ քաղաքական կշիռ ունենալ, որպեսզի ասես՝ «Ո՛չ, սա մերը չէ, բայց մենք հավակնում ենք դրան և ոչ ոքի չենք հանձնի»,- նշել է քաղաքագետը։
Պատմաբանի խոսքով՝ տարբեր պատմական օբյեկտների վերաբերյալ կեղծված պատմական փաստերն ակադեմիական գիտության ներկայացուցիչների համար ինքնին խոսուն են։
«Ցավոք, ակադեմիական գիտությունն այս դեպքում նման քննարկումների սեղանի շուրջ չի հրավիրվում։ Ինձ՝ որպես պատմաբանի, տհաճ է, որ պատմությունը վերաշարադրվում և կեղծվում է, հորինվում են գոյություն չունեցող իրադարձություններ, քողարկվում են ինչ-որ վատ փաստեր կամ հորինում են լավ փաստեր։
Այնուամենայնիվ, պետք է հիմնվել այն իրական փաստերի վրա, որոնք մենք ունենք։ Իսկ տվյալ դեպքում փաստերն այնքան էլ բարենպաստ չեն Ադրբեջանի համար, այնքան էլ նրա օգտին չեն», — եզրափակել է Alpha News-ի զրուցակիցը։