Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժումը (հութիները) հայտարարել է, որ իր ստորաբաժանումները գործողություն են իրականացրել Սաուդյան Արաբիայի ուժերի դեմ՝ խոցելով թագավորության մի քանի ռազմական օբյեկտներ հարավային Ջիզան նահանգում։ Այս մասին ասվում է շարժման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիայի հայտարարության մեջ։
«Եմենի զինված ուժերը (նկատի ունեն հութիներին․ խմբ.) … ռազմական գործողություն են իրականացրել՝ կիրառելով տասնյակ բալիստիկ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։ Գործողության թիրախներն են եղել հրամանատարական կետերը, կառավարման և օպերատիվ ղեկավարման կենտրոնները, զինապահեստները, ինչպես նաև այլ կարևոր օբյեկտներ, որոնք կապված են Սաուդյան Արաբիայի հակառակորդ ուժերի կուտակման վայրերի հետ Էթ-Թավալ շրջանում (Ջիզան նահանգ)»,— ասվում է հայտարարության մեջ։
Հութիների ռազմական ներկայացուցչի պնդմամբ՝ հարվածների հետևանքով զոհվել և վիրավորվել են «Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայի ուժերի հարյուրավոր զինծառայողներ, այդ թվում՝ Եմենի և Սուդանի քաղաքացիներ, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի բանակի տասնյակ զինվորներ և սպաներ»։ Բացի այդ, ըստ նրա, ոչնչացվել է զինապահեստների մի մասը։