BBC-ն հետաքննություն է հրապարակել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Սոչիի «Բոչարով ռուչեյ» պետական կեցավայրի տարածքում իրականացվող լայնածավալ շինարարության մասին։
Հետաքննության համաձայն՝ 2024 թվականից սկսած կեցավայրի նախկին գլխավոր շենքերը քանդվել են, իսկ դրանց տեղում այժմ կառուցվում է նոր, ավելի մեծ համալիր։
BBC-ն պարզել է, որ շինարարությունն իրականացվում է Ռուսաստանի Պետական պաշտպանական պատվերի շրջանակում՝ Պահպանության դաշնային ծառայության՝ ՖՍՕ պատվերով։ Փաստաթղթերի և դատական գործերի ուսումնասիրության միջոցով լրագրողները նաև կարողացել են պարզել գլխավոր կապալառուի ինքնությունը և նրա կապերը Ռուսաստանի իշխանական շրջանակների հետ։
Ի՞նչ է տեղի ունենում «Բոչարով ռուչեյում»
Պուտինի Սոչիի կեցավայրի հին շենքերի ապամոնտաժումը սկսվել է 2024 թվականին։ 2025 թվականի սեպտեմբերին դրանց տեղում արդեն մեծ շինարարական փոս էր, մինչդեռ իշխանությունները պաշտոնապես չէին հաղորդել ո՛չ քանդման, ո՛չ նոր շինարարության պատճառների մասին։
Քանդվել է ոչ թե ամբողջ կեցավայրը, այլ՝ համալիրի հարավային հատվածում պահպանվել է «Բոչարով ռուչեյ-2» մասնաշենքը, որը կառուցվել էր 2014 թվականի Սոչիի Օլիմպիական խաղերի ժամանակ և որտեղ Պուտինը շարունակում է ընդունել օտարերկրյա բարձրաստիճան հյուրերի։
BBC-ի ուսումնասիրած արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ 2026 թվականի աշնանը նախկին շենքերի տեղում արդեն կառուցված են նոր մասնաշենքերի տանիքները։ Նոր կառուցապատման զբաղեցրած տարածքը, ըստ հրապարակման, զգալիորեն ավելի մեծ է, քան նախկին կեցավայրի տարածքը։
Շինարարությունը՝ պետական պաշտպանական պատվերի շրջանակում
Նոր շինարարության մասին պաշտոնական հրապարակումներ չկան, սակայն BBC-ն հայտնաբերել է դրա հետքը դատական փաստաթղթերում։
Կեցավայրի տարածքում իրականացվող աշխատանքները կապված են 25-նիշանոց պետական պայմանագրի հետ՝ «ՌԴ ՖՍՕ-ի «Բոչարով ռուչեյ» շենքերի և շինությունների կառուցում և վերակառուցում» անվանումով։
Պայմանագրի նույնականացուցիչի կառուցվածքը թույլ է տալիս պարզել, որ այն կնքվել է 2023 թվականին և նախատեսված է մինչև 2027 թվականը։ Պատվիրատուն ՖՍՕ-ն է։
Քանի որ նման պայմանագրերը վերաբերում են պետական պաշտպանական պատվերին, դրանց ամբողջական տվյալները հասանելի չեն պետական գնումների սովորական ռեգիստրներում։ Այդ պատճառով BBC-ին չի հաջողվել պարզել պայմանագրի ընդհանուր արժեքը։
Ո՞վ է կառուցում նոր համալիրը
Դատական որոշումների և կապալառուների միջև վեճերի ուսումնասիրության արդյունքում BBC-ն պարզել է, որ գլխավոր կապալառուն դարձել է Ղրիմում գրանցված «Գրուպպա կոմպանի Transstroyinvest» ընկերությունը։
Ընկերության անվանումը հայտնվում է «Բոչարով ռուչեյում» աշխատած մի շարք ենթակապալառուների հետ կապված դատական գործերում։ Շինարարության ընթացքում գլխավոր կապալառուն աշխատանքների մի մասը փոխանցել է այլ ընկերությունների, որոնցից մի քանիսի հետ հետագայում առաջացել են վեճեր և դատական գործընթացներ։
BBC-ի հրապարակման մեջ նշվում է նաև, որ «Տրանսստրոյինվեստը» կապվում է Ռուսաստանի նախագահի մտերիմ ընկերոջ ազդեցության ոլորտի հետ։
Շինարարներին հավաքագրել են փակ ռեժիմով
Հետաքննության կարևոր հատվածը վերաբերում է շինարարների հավաքագրմանը։ BBC-ն գտել է սոցցանցերում և աշխատանքի որոնման հարթակներում տեղադրված հայտարարություններ, որոնցում ուղղակի կամ անուղղակիորեն նշվում էր «Բոչարով ռուչեյի» շինարարությունը։
Աշխատակիցներին առաջարկվում էր աշխատել անցագրային և անվտանգության խիստ ռեժիմով տարածքում։ Որոշ հայտարարություններում օբյեկտը բնութագրվում էր որպես «ռազմավարական» կամ «ՖՍՕ-ի օբյեկտ»։
Սկզբնական շրջանում պահանջվում էր, որ աշխատողները լինեն Ռուսաստանի քաղաքացիներ և չունենան դատվածություն, քանի որ նրանք պետք է անցնեին անվտանգության ստուգումներ։ Հետագայում պահանջները մեղմացվել են, և սկսել են ընդունել նաև Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի քաղաքացիների։
Շինարարներին առաջարկվում էր կացարան, այդ թվում՝ «լողավազանով հոսթելում», օրական երեքանգամյա սնունդ, աշխատանքային հագուստ և գործիքներ։ Որոշ հայտարարություններում նշվում էր նաև կանխիկ վճարման մասին։
2026 թվականին թափուր աշխատատեղերի բնույթը փոխվել է․ շինարարական հիմնական աշխատանքների փոխարեն արդեն փնտրում էին ներքին հարդարման և ինժեներական համակարգերի մասնագետներ՝ լուսատուներ, սանտեխնիկա և դռներ տեղադրելու համար։ Սա, ըստ BBC-ի, վկայում է շինարարության ավելի ուշ փուլի անցնելու մասին։
Ինչո՞ւ է կեցավայրի անվտանգությունն առանձնահատուկ կարևոր դարձել
BBC-ն շինարարությունը դիտարկում է նաև Սոչիում Պուտինի ներկայության փոփոխության և անվտանգության միջավայրի համատեքստում։
Financial Times-ի հաշվարկներով՝ պատերազմից առաջ Պուտինը Սոչի այցելել է 24 անգամ, մինչդեռ 2022 թվականին՝ 13 անգամ, իսկ 2024 և 2025 թվականներին՝ ընդամենը երկուական անգամ։
Պուտինի՝ Սև ծովի ափ այցելությունների նվազումը համընկել է այն ժամանակահատվածի հետ, երբ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումները սկսել են ավելի հաճախ հասնել Սոչիի և հարակից ափամերձ տարածքներ։
2026 թվականին ՖՍՕ-ն որոշել է լրացուցիչ ուժեղացնել «Բոչարով ռուչեյի» անվտանգությունը և կեցավայրի շուրջ ստեղծել ավելի քան երեք քառակուսի կիլոմետր տարածք ընդգրկող պահպանվող գոտի։
Որքա՞ն է արժենում նոր կեցավայրը
Նոր համալիրի ամբողջական արժեքը BBC-ին չի հաջողվել պարզել։ Պետական պայմանագրի արժեքը փակ է, իսկ նախագծային փաստաթղթերը բաց աղբյուրներում հասանելի չեն։
Այնուամենայնիվ, շինարարության մասշտաբի մասին որոշ պատկերացում են տալիս ենթակապալառուների և շինարարական բրիգադների համար նախատեսված աշխատանքների բյուջեները։ BBC-ի հայտնաբերած հայտարարություններում առանձին աշխատանքների արժեքները կազմել են 90, 150, 250, 400 և 500 միլիոն ռուբլի։
Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս մի քանի խոշոր նոր մասնաշենքեր, սակայն դրանց կոնկրետ նշանակությունն ու հարկայնությունը միայն լուսանկարների հիման վրա որոշել հնարավոր չէ։
«Տրանսստրոյինվեստը» և դրա կապերը պետական շինարարական նախագծերի հետ
«Գրուպպա կոմպանի Տրանսստրոյինվեստը», որը «Բոչարով ռուչեյի» նոր շինարարության գլխավոր կապալառուն է, մեկ միլիոն ռուբլի կանոնադրական կապիտալ ունեցող ընկերություն է։ Ընկերության շահառու է համարվում 47-ամյա կառուցապատող Ալեքսեյ Ֆոմենկոն։ Ռուսական լրատվամիջոցները նախկինում անդրադարձել են Ֆոմենկոյի կապերին Պուտինի ընկեր Արկադի Ռոտենբերգի հետ։
ԳԿ ՏՍԻ-ն և դրա հետ փոխկապակցված «Տրանսստրոյինվեստ» խմբի ընկերությունները պետական և ուժային կառույցների շինարարական նախագծերում նորեկ չեն։
Մինչև «Բոչարով ռուչեյի» շինարարությունը «Տրանսստրոյինվեստը» ներգրավված է եղել Պուտինի մեկ այլ կեցավայրի կառուցման մեջ։ 2019 թվականին «Պրոյեկտ» պարբերականը, որը Ռուսաստանի իշխանությունները ներառել են «օտարերկրյա գործակալների» ռեգիստրում, գրել էր, որ Ֆոմենկոյի ընկերությունը մասնակցում է Ղրիմի հարավային ափին՝ Օլիվա բնակավայրում պետական ամառանոցի կառուցմանը։
Օբյեկտը գտնվում է նախկին խորհրդային կուսակցական վերնախավի և Ուկրաինայի առաջին դեմքերի պետական ամառանոցների տարածքում։ BBC-ն գտել է դատական որոշումներ, որոնք հաստատում են «Տրանսստրոյինվեստի» մասնակցությունն այդ նախագծին։ Դատական նյութերում այդ օբյեկտը ուղղակիորեն անվանվել է «նախագահական ռեզիդենցիա»։
«Տրանսստրոյինվեստի» հետ կապված կառույցները նաև կառուցել են բարձրակարգ բնակելի համալիրներ և բիզնես կենտրոններ, այդ թվում՝ Մոսկվայում ԱԴԾ-ի տարածքներում։ Ընկերությունները մասնակցել են նաև «Վնուկովո» օդանավակայանի վերակառուցմանը, որտեղ տեղակայված է «Ռոսիա» հատուկ թռիչքային ջոկատը՝ Ռուսաստանի նախագահի և բարձրաստիճան պաշտոնյաների տեղափոխումն իրականացնող ավիացիոն ստորաբաժանումը։
Ընկերությունը շարունակում է աշխատել նաև Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական տարածքներում։ Օրինակ՝ «Տրանսստրոյինվեստը» Մարիուպոլում մասնակցել է քաղաքի ամենահին՝ «Պոբեդա» կինոթատրոնի վերականգնմանը։
ԳԿ ՏՍԻ-ի մեկ այլ խոշոր պետական նախագիծ է Ղրիմում գտնվող «Արտեկ» միջազգային մանկական կենտրոնի վերակառուցումը։
2021 թվականին Ռուսաստանի կառավարությունը, առանց մրցույթի, ընկերությանը նշանակել էր «Արտեկի» նոր գլխավոր կապալառու՝ Արկադի Ռոտենբերգին պատկանող «Ստրոյգազմոնտաժի» փոխարեն։
Պետական պայմանագրերի ռեգիստրի տվյալներով՝ 2022-2025 թվականներին ԳԿ ՏՍԻ-ն «Արտեկի» տարածքում գտնվող օբյեկտների համար ստացել է 54 պայմանագիր՝ ընդհանուր մոտ 28 միլիարդ ռուբլի արժեքով։ 2024 թվականին Ռուսաստանի կառավարությունը որոշել է այդ պայմանագրերի կատարման ժամկետները երկարաձգել մինչև 2026 թվականի վերջը։
Միևնույն ժամանակ ԳԿ ՏՍԻ-ի ֆինանսական հաշվետվությունները հանրային հասանելի չեն։
BBC-ն «Բոչարով ռուչեյի» շինարարության վերաբերյալ հարցեր է ուղարկել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին, Արկադի Ռոտենբերգին, Ալեքսեյ Ֆոմենկոյին և «Տրանսստրոյինվեստի» այլ ներկայացուցիչների։ Հրապարակման պահին BBC-ն նրանց պատասխաններին սպասում էր։
Պատրաստեց՝ Ա.Գալոյանը
