Գառնիի տաճարում կհնչի «Սիմֆոնիկ Ռեինկարնացիան» — Հայաստանի Հանրային Ռադիո

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և «Ռեինկարնացիա օրկեստրան» սեպտեմբերի 25-ին՝ ժամը 19:30-ին, Գառնիի պատմամշակութային արգելոց-թանգարանում կներկայացնեն «Սիմֆոնիկ Ռեինկարնացիա» համերգը։ Համերգը կղեկավարի Սերգեյ Սմբատյանը։

Համերգն անցկացվում է «Ռեինկարնացիա օրկեստրայի» AWAKENING համաշխարհային շրջագայության շրջանակում։ Շրջագայության նպատակն է տարբեր քաղաքներում ապրող մարդկանց ավելի մոտեցնել հայկական երաժշտությանն ու մշակույթին՝ խմբի երգերը ներկայացնելով սիմֆոնիկ հնչողությամբ։ Յուրաքանչյուր համերգին «Ռեինկարնացիան» հանդես կգա տվյալ քաղաքներում գործող նվագախմբի հետ. Գառնիում խմբին կմիանա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։

«Մեր երգերը տարբեր երկրներում ապրող մարդկանց համար տարբեր հիշողություններ ու զգացողություններ են կրում։ AWAKENING-ի միջոցով ուզում ենք այդ երաժշտությունը ներկայացնել նոր հնչողությամբ և մարդկանց միավորել դրա շուրջ։ Գառնիում Սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունենալը մեզ համար առանձնահատուկ է. անհամբեր սպասում ենք այդ հանդիպմանը»,- ասում է «Ռեինկարնացիա օրկեստրայի» մենակատար Ռոլանդ Գասպարյանը։

Գառնիի համերգից հետո AWAKENING շրջագայությունը կշարունակվի Լոս Անջելեսում և Մոսկվայում։

Գառնիի համերգի տոմսերը հասանելի են Tomsarkgh.am կայքում։

Leave a Comment