Սիրիան պահանջում է Գոլանի բարձունքները, Իսրայելը նախազգուշացնում է, որ կկանխի ցանկացած սպառնալիք

Սիրիայի նախագահ Ահմեդ ալ Շարաան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել է, որ իր երկիրը մտադիր չէ Գոլանի բարձունքները զիջել Իսրայելին, և որ դրանք կմնան որպես Սիրիայի պետական տարածք։

Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության նախարարը հակադարձել է, որ թույլ չեն տա, որ Սիրիան վերածվի Իսրայելի համար սպառնալիքի և անհրաժեշտ միջոցների կդիմեն դա կանխելու համար։

Սիրիայի նախագահը դատապարտել է Իսրայելի վարած ագրեսիվ քաղաքականությունը տարածաշրջանում։ Նա հայտարարել է, որ դա սպառնում է իր երկրի կայունությանն ու անվտանգությանը և հակասում է միջազգային իրավունքին։

ՄԱԿ-ի ԳԱ իր ելույթում Ահմադ ալ Շարաան զգուշացրել է, որ Սիրիայի ինքնիշխանությունը խախտելու կամ միջազգային իրավունքը ոտնահարելու ցանկացած փորձ կկասեցվի։

«Գոլանը կմնա սիրիական հող և այն անեքսիայի ենթարկելու բոլոր օրենքները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 497-րդ բանաձևի համաձայն՝ անվավեր են»։

Աշխարհում անվտանգությունն ու կայունությունը վերականգնելու ուղղությամբ ներդրվող ջանքերին հակառակ՝ Իսրայելը առանձնանում է իր ագրեսիվ քաղաքականությամբ, ասել է Սիրիայի նախագահը։ Նա փաստեր է ներկայացրել, որ Իսրայելը վերջերս Սիրային մոտ 500 ավիահարված է հասցրել, ավելի քան 1200 անգամ ներխուժել է երկրի տարածք և ձերբակալել է մոտ 300 սիրիացիների:

Եվ այդ գործողություններն, ըստ Ահմեդ ալ Շարաայի, սպառնում են Սիրիայի կայունությանը և սիրիացիների հիշողության մեջ վերակենդանացնում են այն ցավոտ դարաշրջանը, որից նրանք փորձում են դուրս գալ:

Ահմադ ալ-Շարաան հստակեցրել է, որ Դամասկոսը հավատարիմ է 52 տարի առաջ ստորագրված անջատման համաձայնագրին, որի հիման վրա Իսրայելի և Սիրիայի զինված ուժերի միջև ապառազմականացված բաժանման գոտի է սահմանվել։

«Մեր դիրքորոշումը անսասան է 1974 թվականի համաձայնագրին հավատարիմ մնալու և Իսրայելի օկուպացիոն ուժերի 2024 թվականի դեկտեմբերի 8-ի սահմաններից դուրս գալու կոչ անելու հարցում: Մենք մերժում ենք Իսրայելի կողմից կատարվածը, որպես փաստ պարտադրելու անընդհատ փորձերը և տարածաշրջանում նրա շարունակական ագրեսիաները, որոնք խաթարում են անվտանգությունն ու կայունությունը»:

Իսրայելը Գոլանի բարձունքները Սիրիայից գրավեց 1967 թվականի Մերձավոր Արևելքի պատերազմի ժամանակ և անեքսիայի ենթարկեց այն 1981 թվականին։

2019 թվականին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճանաչեց Իսրայելի ինքնիշխանությունը այդ տարածքի նկատմամբ՝ չեղյալ հայտարարելով ԱՄՆ տասնամյակների վարած քաղաքականությունն այդ հարցում։

ՄԱԿ-ը և միջազգային հանրության մեծ մասը, սակայն, այդ տարածքը համարում են Իսրայելի օկուպացրած սիրիական տարածք։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հակադարձել է Սիրիայի նախագահին, ասելով, որ Իսրայելը մտադիր չէ դուրս բերելու իր զորքերը Գոլանի բարձունքներից և անվտանգության գոտուց։ Նա ասել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը կմնա այն տարածքներում, որտեղ տեղակայվել է 2024 թվականին՝ Բաշար Ասադի տապալումից հետո։

Leave a Comment