Վանան Լիբանանից եկավ կամավոր, մնաց՝ որպես ինժեներ. ինչպես է սփյուռքահայ երիտասարդությունը վերադառնում Հայրենիք․ «Սփյուռքի ձայնը»

Շատերի պատկերացմամբ՝ կամավորությունը պարզապես օգնություն է, բարեգործություն կամ ազատ ժամանց: Սակայն «Դեպի Հայքի» մոդելն ապացուցում է ճիշտ հակառակը. սա Սփյուռքի բարձրակարգ ներուժի ներհոսք է դեպի Հայաստան:

Համալսարանն ավարտելուց անմիջապես հետո Վանան միացել է «Viva-Cell»-ի թիմին՝ աշխատելով ցանցերի օպտիմիզացիայի (5G և ինտերնետ կապի բարելավման) բաժնում (նախկինում ուսանողական պրակտիկա էր անցել նաև «Ucom»-ում): Տիրապետելով չորս լեզվի (հայերեն, ֆրանսերեն, անգլերեն, արաբերեն) և ունենալով ժամանակակից ինժեներական կրթություն՝ նա ոչ միայն սովորում է տեղացի գործընկերներից, այլև իր հետ բերում է աշխարհայացքի լայնություն, ճկունություն և այլընտրանքային մոտեցումներ։

«Եթե մենք՝ սփյուռքահայերս, կամավորություն ենք անելու, ապա միայն ու միայն Հայաստանում, որովհետև սա մեր տունն է: Մենք պետք է մեր երկիրն առաջ տանենք»,— վստահեցնում է Վանան:

«Մենք օտար չենք». ինքնության և լեզվի կենդանի պայքարը

Սփյուռքի երիտասարդների դերը Հայաստանում միայն աշխատանքով չի սահմանափակվում. նրանք կրողն ու պահապանն են արևմտահայերենի և ավանդական մշակույթի: Վանայի փորձառությունը ցույց է տալիս, որ Հայրենիք վերադառնալիս սփյուռքահայը երբեմն բախվում է «օտար լինելու» կարծրատիպին՝ լեզվական տարբերությունների պատճառով: Բայց հենց այստեղ է երևում երիտասարդության սթափությունն ու կամքը։

«Երբ ինձ տեղացիները ռուսերեն կամ անգլերեն են պատասխանում, ես չեմ ամաչում և միշտ համառորեն արևմտահայերենով եմ պատասխանում: Մենք օտար չենք, մենք սփյուռքահայ ենք, և սա բոլորիս Հայրենիքն է»:

«Դեպի Հայքը» կամավորներին չի թողնում միայն գրասենյակներում. ծրագիրը նրանց տանում է դեպի Հայաստանի խորքերը՝ Գյումրի, Վանաձոր, հեռավոր գյուղեր, սովորեցնում ավանդական պարեր, պատմություն և լեզու: Սա այն միջավայրն է, որտեղ ամերիկահայը, ֆրանսահայը, լիբանանահայը դառնում են մեկ ամբողջություն:

«Դեպի Հայք»-ը՝ շղթայական ոգեշնչման աղբյուր

Հետաքրքրական է, թե ինչպես է գործում հայրենասիրության «շղթայական ռեակցիան». տարիներ առաջ Վանայի ավագ զարմուհին էր մասնակցել ծրագրին, ապա ոգեշնչել իր քրոջը, իսկ այսօր արդեն Վանան ինքն է պատրաստվում Լիբանանի իր ընկերներին ուղղորդել դեպի Հայաստան:

Խոսելով Լիբանանի տագնապների ու Հայաստանի առավելությունների մասին՝ երիտասարդ մասնագետը հատկապես առանձնացնում է ներքին խաղաղությունն ու անվտանգությունը․

«Լիբանանում ես մեքենայից տուն վազելով էի բարձրանում՝ վախենալով մթությունից ու անկայունությունից: Իսկ այստեղ ես կարող եմ կեսգիշերին ապահով քայլել Երևանի փողոցներով: Դու հասկանում ես, որ Հայրենիքում ես, քո ապահով տանը»:

Սփյուռքի երիտասարդներն այսօր Հայաստանի համար ոչ թե «օգնության եկած զբոսաշրջիկներ» են, այլ երկրի ապագայի համահեղինակներ: Նրանց բերած գիտելիքը, եվրոպական ու արևելյան կրթական փորձը, բազմալեզվությունն ու Հայրենիքը շենացնելու անկեղծ մղումը անգնահատելի կապիտալ են մեր պետության համար:

Leave a Comment