Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, ՀՀ կառավարության սեպտեմբերի 24-ի նիստում հաստատվել է նախագիծ, որով նախատեսվում է 600 մլն դրամ վերաբաշխել «Հրազդան» մարզադաշտում թեթև աթլետիկայի և պարաաթլետիկայի մրցումների անցկացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների վերակառուցման և վերանորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով։ Նախագծով նախատեսվում է նաև աշխատանքների գնման գործընթացը կազմակերպել «հրատապ մեկ անձից» գնման ընթացակարգով։
Ինչո՞ւ է անհրաժեշտ վերանորոգել «Հրազդան» մարզադաշտը
2027 թվականին Հայաստանում նախատեսվում են Ֆրանկոֆոնիայի խաղերը, որոնց շրջանակում «Հրազդան» մարզադաշտում նախատեսվում է անցկացնել թեթև աթլետիկայի և պարաաթլետիկայի մրցաձևեր։
Դրա համար անհրաժեշտ է միջազգային չափանիշներին համապատասխանեցնել մարզադաշտի վազքուղին, անհրաժեշտ ենթակառուցվածքները, ինչպես նաև մարզումային մարզադաշտի աթլետիկական վազքուղին։
Մարզադաշտի տեխնիկական վիճակի ուսումնասիրությունից հետո պարզվել է, որ այն ամբողջությամբ չի կարող օգտագործվել․ տարբեր տրիբունաների համար նախատեսված է հանդիսատեսի նստեցման տարբեր սահմանափակումներ։ Ընդհանուր առմամբ, մարզադաշտում կարող է տեղավորվել մոտ 21 566 հանդիսատես։
Ի՞նչ աշխատանքներ են նախատեսվում
Նախագծով նախատեսվում են ոչ միայն վազքուղու, այլև մի շարք անհրաժեշտ ենթակառուցվածքների վերակառուցման և վերանորոգման աշխատանքներ։
Դրանք ներառում են, մասնավորապես՝
- մարզադաշտի վազքուղու վերակառուցում/վերանորոգում,
- անհրաժեշտ ենթակառուցվածքների աշխատանքներ,
- մարզումային մարզադաշտի աթլետիկական վազքուղու վերակառուցում/վերանորոգում,
- հանդերձարանների և սանհանգույցների աշխատանքներ,
- տարածքի բարեկարգում և այլ շինարարական աշխատանքներ։
Ինչո՞ւ է ընտրվել «հրատապ մեկ անձից» գնումը
Նախագծի հիմնավորման համաձայն՝ աշխատանքները բաղկացած են միմյանց հաջորդող նախագծային, նախապատրաստական և շինարարական փուլերից, և դրանցից որևէ մեկի ուշացումը կարող է ազդել ամբողջ ծրագրի ժամկետների վրա։
Քանի որ Ֆրանկոֆոնիայի խաղերը նախատեսված են 2027 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը, կառավարությունը անհրաժեշտ գումարը նախատեսում է «ՀՄԱ»՝ հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով՝ շինարարական աշխատանքները սահմանված ժամկետում ավարտելու նպատակով։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է նաև, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեն բանակցություններ է վարել մարզական կառույցների շինարարության ոլորտում փորձ ունեցող կազմակերպությունների հետ, և արդյունքում որպես կապալառու ընտրվել է «Ջի ԹԻ ԷՍ Քնսթրաքշն» ՍՊԸ-ն։
Իսկ վազքուղու ռետինե ծածկը դեռ առանձի՞ն է գնվելու
Այո։
Նախագծով նախատեսվում է հիմնական աշխատանքների պայմանագրում չներառել վազքուղու ռետինե ծածկի և դրա տեղադրման համար անհրաժեշտ ստորին շերտերի՝ այդ թվում ասֆալտե և/կամ բետոնե ծածկի աշխատանքները։
Դրանց համար նախատեսվում է առանձին գնման ընթացակարգ։ Պատճառն այն է, որ այդ աշխատանքների տեխնիկական լուծումները կապված են ընտրվող ռետինե ծածկի համակարգի, արտադրողի, մատակարարի և մասնագիտացված կազմակերպության հետ։
Հիմնավորման համաձայն՝ անհրաժեշտ է լրացուցիչ տեխնիկական և շուկայական ուսումնասիրություն, քանի որ Հայաստանում առկա տեխնոլոգիական և արտադրական հնարավորությունները չեն ապահովում այդ աշխատանքների ամբողջ ծավալի իրականացումը պահանջվող չափանիշներին համապատասխան, և կարող է անհրաժեշտ լինել արտասահմանյան մասնագիտացված կազմակերպությունների ներգրավում։
Կապալառուի ապահովումները՝ 5%
Նախագծով նախատեսվում է թույլատրել կապալառուի նկատմամբ կիրառվող որակավորման և պայմանագրի ապահովումների սահմանաչափերը նվազեցնել՝ յուրաքանչյուրն սահմանելով պայմանագրի գնի 5 տոկոսի չափով։
Հիմնավորման համաձայն՝ դա պայմանավորված է աշխատանքների հրատապությամբ և այն հանգամանքով, որ կապալառուն իր ֆինանսական միջոցները հնարավորինս անմիջականորեն ուղղի շինարարության արագ կազմակերպման, նյութերի և տեխնիկական միջոցների ձեռքբերման ու աշխատանքների մեկնարկի ապահովմանը։
Որքա՞ն գումար է նախատեսվում
ՀՀ 2026 թվականի պետական բյուջեով ԿԳՄՍ նախարարությանը հատկացված միջոցներից նախատեսվում է կատարել 600 մլն դրամի վերաբաշխում։
Գումարը նախատեսված է «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով և ուղղվելու է «Հրազդան» մարզադաշտի համապատասխան աշխատանքների ձեռքբերմանը։
Ի՞նչ կլինի մարզադաշտի հետ Ֆրանկոֆոնիայի խաղերից հետո
Նախագծի հիմնավորման ուշագրավ դրույթներից մեկն այն է, որ պետական բյուջեից ներդրումներ են կատարվում մասնավոր սեփականություն հանդիսացող ենթակառուցվածքների բարելավման համար։
Դրա դիմաց նախատեսվում է, որ բարելավված ենթակառուցվածքները մոտ 20 տարի կօգտագործվեն ՀՀ պետական ծրագրերի իրականացման համար։
Փաստաթղթում նշված են, մասնավորապես՝
- 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի խաղերի նախապատրաստումը,
- Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացումը,
- Հայաստանի առաջնությունների կազմակերպումը,
- միջազգային մրցաշարերի կամ համերգների անցկացումը,
- «Աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի մարզումները։
Ի՞նչ արդյունք է ակնկալվում
Նախագծի ընդունման դեպքում նախատեսվում է սկսել «Հրազդան» մարզադաշտի վազքուղու և անհրաժեշտ ենթակառուցվածքների վերակառուցման ու վերանորոգման աշխատանքները։
Կառավարության հիմնավորման համաձայն՝ արդյունքում կապահովվի 2027 թվականին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի խաղերի պատշաճ անցկացումը, – տեղեկացնում է Iravaban.net-ը։