ԱՄՆ-ի մի շարք հայկական ուսանողական կազմակերպություններ քննադատել են Նյու Յորքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Համահայկական ուսանողական ասոցիացիայի (All-ASA) փակ հանդիպումը։ Նրանք հայտարարել են, որ միջոցառումը չի արտահայտում իրենց դիրքորոշումը։
All-ASA-ի հիմնադիրներից Հայ հեղափոխական դաշնակցության «Շանթ» ուսանողական միությունը հայտնել է, որ հանդիպման վայրը նախապես չի հրապարակվել, մասնակիցների շրջանակը սահմանափակ է եղել, իսկ հարցերը՝ նախապես հաստատված։
«Նրանք ուզում են, որ լուսանկարները տպավորություն ստեղծեն, թե համայնքն աջակցում է իրենց։ Բայց եթե իսկապես ցանկանում են երկխոսել սփյուռքի հետ, ինչո՞ւ են շրջանցում այն ներկայացնող կազմակերպություններին»,- ասվում է հայտարարության մեջ։
Միությունում հիշեցրել են, որ հայ ուսանողները տասնամյակներ շարունակ միջոցառումներ են կազմակերպել ի աջակցություն Արցախի և այդ աշխատանքը շարունակել նաև 2023 թվականի սեպտեմբերի իրադարձություններից հետո։
«Պետք չէ ուսանողներին տեղավորել տեսագրության հետնապատկերում և տպավորություն ստեղծել, թե մենք ընդունել ենք տեղի ունեցածը կամ աջակցում ենք կառավարության այսօրվա գործողություններին»,- նշել են կազմակերպությունում։
Հանդիպման կազմակերպմանն իր մասնակցությունը հերքել է Փենսիլվանիայի պետական համալսարանի հայ ուսանողների ասոցիացիան՝ Penn State ASA-ն։ Կազմակերպությունն ընդգծել է, որ անկախ և անկուսակցական է ու չի մասնակցել միջոցառման նախապատրաստմանը, անցկացմանը կամ դրա վերաբերյալ որոշումների ընդունմանը։
«All-ASA-ի որևէ հայտարարություն, որոշում կամ գործողություն չպետք է դիտարկվի որպես Penn State ASA-ի կամ նրա անդամների դիրքորոշումն արտահայտող»,- ասվում է հայտարարության մեջ։
Ռաթգերսի համալսարանի հայ ուսանողների կազմակերպությունը (RASA) հայտարարել է, որ հիասթափված է Փաշինյանի հետ փակ հանդիպում անցկացնելու All-ASA-ի որոշումից՝ ընդգծելով, որ այն չի արտահայտում իր դիրքորոշումը։
Կոլումբիայի համալսարանի հայկական միությունը նույնպես հայտնել է, որ չի աջակցում միջոցառմանը և առանձին հայտարարություն է պատրաստում։
301 լրատվամիջոցի տվյալներով՝ հանդիպման շուրջ տարաձայնություններ են առաջացել նաև All-ASA-ի ներսում․ մի քանի համալսարանի ուսանողական ասոցիացիաներ գործադիր խորհրդին նամակներ են ուղարկել՝ առարկելով միջոցառման անցկացմանը։ Լրատվամիջոցը նաև պնդում է, որ հանդիպումն անդամներին ներկայացվել է որպես ոչ քաղաքական, իսկ հարցերը պետք է ուղարկվեին նախապես՝ ընտրություն անցնելու համար։
All-ASA-ն, իր տվյալներով, ներկայացնում է ավելի քան 50 հայկական ուսանողական ասոցիացիա։
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի (ANCA) շահերի պաշտպանության հարցերով տնօրեն Գևորգ Իսկաջյանը Հայաստանի իշխանություններին մեղադրել է հանդիպումը քաղաքական նպատակներով օգտագործելու մեջ։
«Այս կառավարությունն ուղղակի օգտագործեց այդ ուսանողներին որպես դեկորացիա»,- հայտարարել է նա։
Իսկաջյանի գնահատմամբ՝ միջոցառման կազմակերպիչները չեն ներկայացնում ԱՄՆ-ի ողջ հայ ուսանողական համայնքի դիրքորոշումը։
ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն՝ Փաշինյանը հանդիպել է ամերիկյան առաջատար բուհերում սովորող ուսանողների հետ և ներկայացրել «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունն ու դրա սկզբունքները։ Քննարկվել են սփյուռքի հետ կապերը, կրթության որակի բարձրացումը և պետական կառավարման համակարգ մասնագետների ներգրավումը։ Կառավարությունից նաև հայտնել են, որ վարչապետը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին։
ԱՄՆ-ի հայկական ուսանողական և երիտասարդական կազմակերպությունները նախկինում ևս բողոքի ակցիաներ են անցկացրել Արցախի հարցում Հայաստանի իշխանությունների քաղաքականության դեմ։ Մասնակիցները բարձրաձայնել են արցախցիների իրավունքների պաշտպանության և Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցերը։
Նարե Ներսեսյան
