ԱՄՆ դաշնային դատարանը պարտավորեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին վերականգնել CNN, MS NOW և Politico լրատվամիջոցների լրագրողների մուտքը Սպիտակ տուն՝ հայտարարելով, որ նրանց աշխատանքի արգելքը հակասահմանադրական է:
ԶԼՄ-ների դեմ Թրամփի ամենալուրջ ճակատամարտերից մեկում ԱՄՆ շրջանային դատավոր Թիմ Քելին որոշում է կայացրել հայցով, որը ներկայացրել էին լրատվական կազմակերպությունները՝ բողոքարկելով հանրապետական նախագահի կողմից սեպտեմբերի 18-ին հայտարարված արգելքը:
Դատավոր Քելին կարգադրել է Թրամփի վարչակազմին անհապաղ վերադարձնել ԶԼՄ-ների մամուլի քարտերը և արգելել է պաշտոնյաներին կիրառել արգելքը 14 օրվա ընթացքում:
Դատավորը մերժել է կառավարության պնդումն այն մասին, թե արգելքը պատճառաբանված է եղել ազգային անվտանգության նկատառումներով:
«Գործի նյութերում բացակայում են պատասխանողների այն պնդման փաստացի հաստատումները, թե հայցվորների անցագրերի չեղարկումն իսկապես կպաշտպանի ազգային անվտանգությունը, կամ որ ազգային անվտանգությունը վտանգի տակ կհայտնվի, եթե դատարանը կարգադրի վերականգնել նրանց անցագրերը սույն գործի քննության ընթացքում»,- ասել է նա՝ հավելելով, որ Թրամփն ինքն է հայտարարել, որ արգելքը պայմանավորված է եղել ԶԼՄ-ների ռեպորտաժների «ենթադրյալ ստահոդությամբ և բացասական բովանդակությամբ»:
Սպիտակ տունը և լրատվամիջոցների ներկայացուցիչները անմիջապես չեն պատասխանել մեկնաբանություն տալու հարցումներին:
