
Ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով Ռոստովի մարզի Կագալնիցկիի շրջանում վնասվել են նավթաբազայի վարչական շինությունները, հայտնել է նահանգապետ Յուրի Սլյուսարը։
Նահանգապետի խոսքով՝ անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են նավթաբազայի շենքերի վրա: Ոչ ոք չի տուժել, և տեղում հրդեհ չի եղել:
Ռուսական կողմը անօդաչու թռչող սարքեր է խոցել նաև Տագանրոգի և Նեկլինովսկի շրջաններում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այս շրջաններում խոցվել է 40 ուկրաինական անօդաչու թռչող սարք։
Ռոստովի մարզը պարբերաբար է ենթարկվում անօդաչու թռչող սարքերի հարձակումների: Անցյալ շաբաթ Ուկրաինան զանգվածային հարձակում սկսեց տարածաշրջանի վրա: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, որ սեպտեմբերի 17-ի գիշերը Դոնի Ռոստովի կենտրոնական ռազմական օդանավակայանում խոցվել են մեկ Ան-12 ինքնաթիռ, երկու Ան-26 ինքնաթիռ և երեք ուղղաթիռ:
Սեպտեմբերի 15-ի գիշերը ուկրաինական Exilenova+ տելեգրամյան ալիքը, հղում անելով NASA FIRMS-ի տվյալներին, հաղորդել էր Բերիևի անվան Տագանրոգի ավիացիոն գիտատեխնիկական համալիրի և Տագանրոգի ավիացիոն գործարանի տարածքում հրդեհների մասին։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նաև հայտնում է, որ զինված ուժերը երեկ գիշեր հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին, Կիևի և Օդեսայի մարզի լոգիստիկ կենտրոններին, ինչպես նաև նավերի:
«Ռուսաստանի զինված ուժերը, բարձր ճշգրտության ցամաքային և օդային զենքի, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ զանգվածային հարվածի արդյունքում, խոցել են Ուկրաինայի ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ, Կիևում և Օդեսայի մարզում գտնվող հեռահաղորդակցության և լոգիստիկ կենտրոններ, ինչպես նաև նավեր, որոնք կիրառվում են Ուկրաինայի զինված ուժերի շահերից ելնելով»,- ասվում է հայտարարությունում: