Նյու Յորքում կայացել է Փաշինյանի և Լայնեի հանդիպումը

Նյու Յորքում հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը: Նրանք քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր:

Վարչապետը կարևորել է ԵՄ-ի՝ Հայաստանից տնտեսական դիվերսիֆիկացման գործընթացին օժանդակություն ցուցաբերելու և այդ նպատակով ընդունվող որոշումների համար: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև ԵՄ աջակցությունը՝ մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում:

Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ ԵՄ շարունակելու է աջակցությունը ՀՀ Կառավարության ծրագրերի առաջմղման և տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ:

Փաշինյանն ու Լայենը անդրադարձել են նաև տարածաշրջանային նշանակության թեմաների:

Սեպտեմբերի 15-ին Եվրոպական խորհրդարանը հաստատել է Հայաստանի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը:

Այս միջոցառումներն ազատականացնելու են Հայաստանից Եվրամիություն արտահանումների շուրջ 80 տոկոսը: Միաժամանակ այդ կարգավորումներն ուղեկցվում են որոշակի պայմաններով և միջոցառումներով՝ ուղղված Եվրամիության շուկայի պաշտպանությանը, եթե ներմուծումը բացասաբար ազդի ԵՄ արտադրողների վրա:

Առևտրի ինքնավար միջացառումներ (Autonomous Trade Measures – ATM) սահմանելով Բրյուսելը նպատակ ունի աջակցել Հայաստանի տնտեսությանը ռուսական առևտրային սահմանափակումներից հետո:

Ռուսաստանն այս տարվա մայիսից սկսեց փուլ առ փուլ արգելել Հայաստանից տարբեր ապրանքների, այդ թվում՝ գյուղմթերքի, ձկնամթերքի, խմիչքների, կաթնամթերքի և ծաղիկների ներմուծումը։ Այս սահմանափակումները հաջորդեցին Երևանում անցկացված Եվրոպական երկու գագաթնաժողովներին, որոնցից մեկին մասնակցում էր նաև Ուկրաինայի նախագահը։

Leave a Comment