Կարապետյանը Փաշինյանին մեղադրել է ադրբեջանական գազից կախվածություն ստեղծելու մեջ

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը Փաշինյանին մեղադրել է ռուսական գազից հրաժարվելու և Հայաստանը կրկին Ադրբեջանից կախվածության մեջ դնելու մտադրության մեջ։ Այս մասին նա հայտարարել է 24News-ին տված հարցազրույցում։

«Փաշինյանը ինքն է հրահրում այդ ամեն ինչը, որ Հայաստանը նորից կախվածության մեջ գցի Ադրբեջանից, հրաժարվի ռուսական գազից։ Ադրբեջանը սկզբից մի քանի խորանարդ մետր գազ կտա Հայաստանին, որ րոպեին ուզի, հենց հասանք Սևանին, այդ գազի փականը մեկ օրում կհայտնվի համապատասխան տեղ»,- հայտարարել է Կարապետյանը։

Նա նաև զգուշացրել է գազի հնարավոր թանկացման տնտեսական հետևանքների մասին։

«Եթե գազի գինը թանկացավ, արդեն նույնիսկ պատկերացնելն է դժվար՝ ինչ կլինի մեր տնտեսության հետ»,- ասել է Կարապետյանը։

Փաշինյանը սեպտեմբերի 11-ի ճեպազրույցում հայտարարել էր, որ ռուսական գազը Հայաստանի համար էժան չէ՝ ուշադրություն հրավիրելով «Գազպրոմ Արմենիա» ընկերության շահույթի վրա։

Գազի հնարավոր թանկացման տնտեսական ռիսկերին սեպտեմբերի 15-ին անդրադարձել էր նաև Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանից ներմուծվող գազի գնի բարձրացումը կարող է միաժամանակ արագացնել գնաճը և դանդաղեցնել Հայաստանի տնտեսական աճը։ 

Ադրբեջանից գազ ստանալու հնարավորության մասին Հայաստանի պաշտոնյաները խոսել էին նաև նախկինում։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը դեռ 2023 թվականի հոկտեմբերին հայտարարել էր, որ քաղաքական խնդիրների բացակայության դեպքում Հայաստանը պատրաստ է գազ ստանալ Ադրբեջանից, ինչպես նաև դառնալ դեպի Եվրոպա գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման տարանցիկ երկիր։

Leave a Comment