44-օրյա պատերազմի ընթացքում լրտեսության մեջ մեղադրվող ֆրանսիացուն Ալիևը ներում է շնորհել․ միջազգային գործարք Ուսմանովի դեմ պատժամիջոցների չեղարկումից հետո

Ադրբեջանը ներում է շնորհել Ֆրանսիայի քաղաքացի, լրտեսության մեջ մեղադրվող Մարտին Ռայանին։ Դա տեղի է ունեցել միլիարդատեր Ալիշեր Ուսմանովին Եվրամիության պատժամիջոցների ցանկից հանելուց մեկ օր անց։ Ֆրանսիացի Մարտին Ռայանը Բաքվում մարտին դատապարտվել էր տասը տարվա ազատազրկման։ Նրան առաջադրված մեղադրանքը կապ ունի 44–օրյա պատերազմի հետ։

Ադրբեջանի նախագահը մի քանի այլ այնձանց հետ ներում է շնորհել լրտեսության մեջ մեղադրվող ֆրանսիացի Մարտեն Ռայանին։ Նա ավելի քան երեք տարի Բաքվի բանտում անցկացնելուց հետո վաղը կվերադառնա Փարիզ։ Ֆրանսիացու ազատումը դարձել է ավելի խոշոր միջազգային գործարքի մաս, որի շրջանակում Ելիսեյան պալատը ջանքեր էր գործադրել  ռուս–ուզբեկական ծագում ունեցող օլիգարխ Ալիշեր Ուսմանովի անունը՝ Եվրամիության պատժամիջոցների ցանկից հանելու ուղղությամբ։

Բրուսելը երեքշաբթի մեծացրել  էր սանկցիոն ցուցակը՝ դրանում ավելի քան 2600 ֆիզիկական և իրավաբանական անձ ներառելով։ Բոլորին միավորում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը պաշտպանող  մերձկրեմլյան գործչի կարգավիճակը։ Սակայն, պաշտոնական Փարիզին հաջողվել է պայմանավորվել Բյուսելի հետ, արդյունքում՝ Ուսմանովի անունը ցուցակից հանվել է։

Ադրբեջանի նախագահի վարչակազմը քայլը բացատրում է հումանիստական նկատառումներով, իբր, Ռայանի առողջական, ընտանեկան վիճակն ու հանցանքի վտանգավորության աստիճանը, նրա պահվածքը հաշվի առնելով՝ Բաքուն նման որոշում է կայացրել, բայց միջազգային լրատվամիջոցները գրում են ակնհայտ գործարքի մասին։

Ֆրանսիայի քաղաքացի, Mercorama ընկերության գլխավոր տնօրեն Ռայանը ձերբակալվել էր 2023 թվականի վերջին, այս տարվա մարտին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը նրան 10 տարվա ազատազրկման էր դատապարտել: Քննության վարկածով՝ Ռայանը գործել է Ադրբեջանում աշխատող դիվանագետների, բայց  փաստացի ֆրանսիական գաղտնի ծառայությունների աշխատակիցների հանձնարարությամբ: Ադրբեջանական պարբերականները գրել էին, թե գործարարին մեղադրել են, մասնավորապես, 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանում արտադրվող սպառազինության և բանակի համալրման վերաբերյալ տեղեկություններ հավաքելու մեջ: Քննությունը պնդել է նաև, թե ֆրանսիացին հետաքրքրվել է նաև այլ պետությունների՝ Թուրքիայի, Պակիստանի, Իրանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի հետ Բաքվի ռազմական գործակցության ծրագրերով:

Պաշտոնական Փարիզը հրապարակայնորեն վիճարկել է ադրբեջանական արդարադատության քայլերը՝ դրանք անվանելով կամայական և անարդար դատական գործընթացի վրա հիմնված։  Ինչպես գրում է Guardian–ը Եվրամիության պետությունների դեսպանների՝ Ռուսաստանում գործունեություն ծավալող միլիարդատիրոջը սանկցիոն ցուցակից հանելու որոշմանը դեմ է հանդես եկել Լատվիան․  Ռիգան ձեռնպահ է մնացել քվեարկությունից, ինչի պատճառով պատժամիջոցների երկարացման գործընթացը ձգձգվել է։  

Իլհամ Ալիևն ու Ռեջեբ Թաիփ Էրդողանը բազմիցս հանդես են եկել Ուսմանովին պաշտպանելու դիրքերից, նույնն արել է նաև Ուզբեկստանի ղեկավարությունը։ Ուսմանովի խնդրով  այս երկրներին աջակցելու հարցում շահագրգիռ է նաև Փարիզը․ DW–ն գրում է, որ սպառնալիք էր ստեղծել  Ֆրանսիայի և Ուզբեկստանի միջև համաձայնեցված միջուկային էներգետիկայի ոլորտում առանցքային գործընկերության համար։ Ուզբեկստանն աշխարհում հինգերորդն է ուրանի արտադրության ոլորտում և կարող է օգնել Փարիզին ներմուծումը դիվերսիֆիկացնելու հարցում ։

Բացի դրանից, ըստ լրատվամիջոցի, նախագահ Մակրոնը ջանում է բարելավել հարաբերությունները Բաքվի հետ․ դրանք լարվել էին 2023–ին արցախյան խնդրում նրա որդեգրած հայանպաստ քաղաքականության պատճառով։

Financial Times-ն էլ գրում է, որ Ֆրանսիայի խնդրանքն Ուսմանովի հարցում անակնկալի է բերել Եվրամիության դիվանագետներին։ «Դա նվեր էր ոչ միայն Ռուսաստանին, այլև մեսիջ՝ հետագայում եվրոպացիներին թիրախավորելու և քաղաքան առևտրի առարկա դարձնելու համար»,–ասել են նրանք։ Գործարքը  քննադատել է  նաև Ուկրաինայի նախագահը։

Ալիշեր Ուսմանովը միակ օլիգարխը չէ, որի անունը հանվել է պատժամիջոցների ցանկից, քաղաքական գործարքի շնորհիվ ռուսաստանցի խոշոր գործարար Միխայիլ Ֆրիդմանը նույնպես չի ենթարկվի սանկցիաների։ Մյուս՝ 2600 անձանց ու ընկերությունների նկատմամբ սահմանափակումները կշարունակվեն ևս երեք տարի։ 

Leave a Comment