Հակակոռուպցիոն կոմիտեի 5-ամյակի առթիվ աշխատակիցներին պարգևատրելու համար գումար կհատկացվի

Iravaban.net-ը տեղեկանում է կառավարության նիստի օրակարգում ընդգրկված համապատասխան նախագծից, որով առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեին լրացուցիչ ֆինանսական միջոցներ հատկացնել՝ կառույցի կազմավորման հինգերորդ տարեդարձի կապակցությամբ ծառայողներին և աշխատողներին պարգևատրելու համար։ Նախագծով նախատեսվում է գումարը հատկացնել պետական բյուջեով նախատեսված միջոցների վերաբաշխման և կառավարության պահուստային ֆոնդից ֆինանսավորման միջոցով։

Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) կազմավորվել է 2021 թվականին և իր գործունեության հինգ տարիների ընթացքում կայացել որպես կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առանցքային դերակատարում ունեցող մասնագիտացված ինստիտուցիոնալ կառույց։ Այս ժամանակահատվածում Կոմիտեն կարևոր դեր է ստանձնել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման, դրանց վերաբերյալ նախաքննության իրականացման, օպերատիվ-հետախուզական միջոցառումների կազմակերպման և իրականացման, ինչպես նաև իր իրավասության շրջանակներում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված այլ գործառույթների ապահովման գործում։ Կոմիտեի կազմավորման հինգերորդ տարեդարձը կարևոր հանգրվան է կառույցի ինստիտուցիոնալ կայացման, անցած ժամանակահատվածում իրականացված աշխատանքների և ձեռքբերված արդյունքների արժևորման տեսանկյունից։ Այս համատեքստում կարևորվում է նաև Կոմիտեի ծառայողների և աշխատողների մասնագիտական ներդրման, պատասխանատու աշխատանքի և իրենց վերապահված գործառույթների պատշաճ իրականացման խրախուսումը։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկվում է ՀՀ կառավարության ««Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեին գումար հատկացնելու մասին» որոշման նախագծով Կոմիտեին հատկացնել լրացուցիչ ֆինանսական միջոցներ՝ կազմավորման հինգերորդ տարեդարձի կապակցությամբ Կոմիտեի ծառայողներին և աշխատողներին պարգևատրելու, նրանց մասնագիտական ներդրումը գնահատելու և հետագա արդյունավետ գործունեությունը խրախուսելու նպատակով։

Առաջարկվողկարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված միջոցների վերաբաշխման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու միջոցով Կառավարության պահուստային ֆոնդից Կոմիտեին հատկացնել լրացուցիչ ֆինանսական միջոցներ:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից:

Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց և օպերատիվ հետախուզական գործառույթներ իրականացնող ծառայողների գործունեության արդյունավետույթան հետագա բարելավման խթանում՝ հաշվի առնելով Կոմիտեի առջև դրված խնդիրների կատարման գործում վերջիններիս ունեցած նշանակալի ներդրումը:

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն առկա չէ:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Սույն որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությամբ և բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» թիվ 1363-Ա որոշման հավելվածի 4.6-րդ բաժնի դրույթներից, համաձայն որի՝ ընդլայնվելու են պետական հատվածի աշխատողների սոցիալական երաշխիքները:

Leave a Comment