Նյու Յորքում մեկնարկել Փաշինյան-Էրդողան հանդիպումը

Նյու Յորքում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Այս մասին հայտնում է վարչապետի խոսնակ Մելանյա Հարությունյանը:

Վարչապետի խոսնակի հրապարակից նկարում երևում է, որ հանդիպմանը ներկա են նաև երկու երկրների արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Հաքան Ֆիդանը:


Նախօրեին Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հայտարարել էր՝
Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում:

«Մեր երկրի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն ընթանում է նախատեսվածի համաձայն», – ասել է Էրդողանը։

Այս ամսվա սկզբին էլ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ասել էր, որ Հայաստանն ամեն ինչ անում է Թուրքիայի հետ սահմանների բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար: Նախագահի խոսքով՝ սահմանային անցակետերում անհրաժեշտ աշխատանքներն իրականացվել են, և դրանք պատրաստ են ապահովելու մարդկանց, ապրանքների ու տրանսպորտային միջոցների տեղաշարժը։

Ավելի քան երեք տասնամյակ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Երևանն ու Անկարան 44-օրյա պատերազմից հետո կարգավորման հարցով բանակցություններ սկսեցին: 2022 թվականի հունվարից երկու երկրների հատուկ ներկայացուցիչները մի շարք հանդիպումներ են անցկացրել:

Թեև Երևանն ու Անկարան այս տարիներին հայտարարել են, որ պատրաստ են հարաբերությունները վերականգնել առանց նախապայմանների, այդուհանդերձ Թուրքիայից չեն թաքցրել՝ հայ-թուրքական հարաբերություններն ուղիղ կապ ունեն հայ-ադրբեջանական կարգավորման հետ:

Leave a Comment