Iravaban.net-ը տեղեկանում է կառավարության սեպտեմբերի 24-ի նիստի օրակարգում ընդգրկված համապատասխան նախագծից, որով առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 30-ի N 1986-Ն որոշման մեջ։ Փոփոխությունը պայմանավորված է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում 2026 թվականի ապրիլի 7-ին կատարված փոփոխություններով։
Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 07.04.2026թ. ՀՕ-135-Ն օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) ընդունմամբ։
Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը
Նախագծով առաջարկվում է հաստատել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 30-ի N 1986-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը՝ այն համապատասխանեցնելով «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի համապատասխան դրույթներին։ Մասնավորապես Օրենքի 3-րդ հոդվածի համաձայն Օրենքի 12-րդ հոդվածի 10-րդ մասից՝ «ապահովագրված անձի կարգավիճակի ծագման և դադարման հիմքերից, դրանց ժամկետներից, ապահովագրավճար վճարողի կամ չվճարողի կարգավիճակ ստանալու և դադարելու հիմքերից, դրանց ժամկետներից» հանվել է «և այդ հիմքով կարգավիճակի դադարեցման» բառերը, ուստի անհրաժեշտություն է առաջացել «Հայաստանի Հանրապեության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 30-ի N 1986-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություններ։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի աշխատակիցների կողմից։
Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ.
Նախագծերի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:
Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.
Նախագծերի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում «Հայաստանի Հանրապեության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 30-ի N 1986-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումը կհամապատասխանեցվի «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի դրույթներին և կվերացվեն օրենսդրական հակասությունները։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագծի ներկայացումը բխում է ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 2-ի N 133-Լ որոշմամբ հաստատված հայեցակարգից, որի հավելված 1-ի 4.1 կետով նախատեսվում է առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանն ուղղված օրենսդրական փաթեթի մշակման պահանջը, և ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը, որի 4-րդ բաժնի 4.5 կետով որպես Կառավարության հիմնական առաջնահերթություն առանձնացվում է առողջապահության ոլորտի զարգացումը և պահանջ է առաջադրվում ներդնել առողջության համապարփակ ապահովագրության համակարգը` քաղաքացիների համար առողջապահական ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովման համար, որն ուղղված է լինելու առողջապահական ծառայություններ ստանալու պահին քաղաքացու համար զգալի ծախսերի նվազեցմանը: