Աշխարհը բախումների և ռազմավարական գործարքների խաչմերուկում. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի առանցքային մեսիջները

Նյու Յորքում մեկնարկած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան հանդիպումների շաբաթը առանձնանում է գլոբալ դիվանագիտական և աշխարհաքաղաքական սուր պայքարով: Աշխարհի առաջնորդների ելույթներն ու կուլիսային համաձայնագրերը հստակ ուրվագծում են առկա հակամարտությունների զարգացման վեկտորները:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի առանցքային իրադարձությունները

Աշխարհաքաղաքական ծայրահեղ լարվածության ֆոնին, ՄԱԿ-ը՝ որպես միջազգային հակամարտությունները կարգավորող գլխավոր կառույց, այսօր ավելի շատ վերածվել է գլոբալ հռետորաբանության և քաղաքական դիրքավորման հարթակի՝ փաստում են շատ վերլուծաբաններ: Այնուամենայնիվ, ՄԱԿ-ի ամբիոնը շարունակում է մնալ աշխարհի ամենաազդեցիկ բարձրախոսը: Այսօր համաշխարհային լիդերներն այս հարթակն օգտագործում են ոչ թե համատեղ լուծումներ փնտրելու, այլ սեփական կարմիր գծերը գծելու և թիրախային մեսսիջներ հղելու համար։

ԱՄՆ-Իրան լարվածությունը և Փեզեշքիանի այցը Նյու Յորք

ԱՄՆ նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հանդես է եկել Իրանին ուղղված հայտարարությամբ: Դոնալդ Թրամփն ընդգծել է, որ երբեք թույլ չի տա Թեհրանին տիրանալու միջուկային զենքի։ Նա հայտարարել է, որ Իրանի ղեկավարությունը կանգնած է ընտրության առաջ՝ կա՛մ գնալ իր պայմաններով նոր համաձայնագրի ստորագրմանը, կա՛մ բախվել երկրի լիակատար կործանմանը։ Թրամփը հստակեցրել է նաև ժամկետները՝ շեշտելով, որ ակնկալում է այս գործարքը կնքել նոյեմբերի 3-ի ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետ

Այս ծայրահեղ լարված հարաբերությունների ֆոնին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ժամանել է Նյու Յորք։ Դիվանագիտական շրջանակներում սա համարվում է ուշագրավ քայլ, քանի որ Իրանի առաջնորդն այցելում է մի երկիր, որի հետ հարաբերությունները գտնվում են ծայրահեղ սրված և ճգնաժամային փուլում։ Փեզեշքիանը հայտարարել է, որ օգտագործելու է ՄԱԿ-ի հարթակը Իրանի դիվանագիտական դիրքորոշումը ներկայացնելու համար:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց ներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Կատարի միջնորդությամբ երկարատև բանակցություններ են անցկացրել Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչիի գլխավորած պատվիրակության հետ : Քննարկումներն ընթացել են անուղղակի ձևաչափով:

Ուիթքոֆն իր X հարթակում հայտնել է, որ բանակցությունների այս փուլն ավարտվել է հաջողությամբ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հանդիպումն անվանել է «շատ արդյունավետ»:

Ըստ տեղեկության իրանական կողմը պահանջում է ծովային շրջափակման անհապաղ վերացում, իրանական սառեցված ակտիվների վերադարձ և ռազմական գործողությունների դադարեցում բոլոր ճակատներում:

Բենիամին Նեթանյահուի ելույթը և պատվիրակությունների զանգվածային հեռանալը դահլիճից

Ամենասկանդալային և լարված պահերից մեկը գրանցվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթի ժամանակ։ Այն պահին, երբ Նեթանյահուն մոտեցել է ամբիոնին, ավելի քան 50 երկրների պատվիրակություններ՝ ի նշան բողոքի միասնական լքել են դահլիճը։ Այդ քայլով նրանք դատապարտել են Գազայում և տարածաշրջանում Իսրայելի գործողությունները։ Նեթանյահուն դատարկվող դահլիճում շարունակել է ելույթը՝ կոշտ քննադատության ենթարկելով Պաղեստինի պետության ճանաչումը և հայտարարելով, որ Իսրայելը կանգ չի առնելու։

Դիվանագիտական բոյկոտի այս շղթան, սակայն, սրանով չի սահմանափակվել. նման մեկ այլ աղմկահարույց միջադեպ էլ տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի ժամանակ․ դահլիճից հեռացել է Կուբայի պատվիրակությունը։ Այն պահին, երբ Սպիտակ տան ղեկավարն անցել է Կուբայի հասցեին սուր քննադատությանը՝ այդ երկիրը որակելով որպես «բացարձակապես ձախողված պետություն», կուբացի դիվանագետները ոտքի են կանգնել և հեռացել նիստերի դահլիճից՝ ի նշան Վաշինգտոնի կոշտ հռետորաբանության դեմ բողոքի։

Թրամփը նաև հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն անձամբ է զբաղվում Հավանայի հետ բանակցություններով։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա իր հակառակորդներին Կուբան օգտագործել որպես հարթակ կամ ապաստարան՝ հենց Ամերիկայի «դռան շեմին» սպառնալիքներ ստեղծելու համար։

Դահլիճը լքելուց հետո Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգեսը X սոցիալական ցանցում Թրամփի խոսքերը որակել է «սուտ և զրպարտություն»։ «ԱՄՆ կառավարությունն ընդունակ չէ համակերպվելու այն փաստի հետ, որ Կուբան լիարժեք անկախ և սուվերեն պետություն է, և ունի դրա բոլոր իրավունքները»,–գրել է Ռոդրիգեսը։

Զելենսկու կանխատեսումը. պատերազմը կարող է ավարտվել մինչև հունվար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին  ՄԱԿ–ում հանդիպումների ժամանակ լավատեսական հայտարարություններ է արել։ Նա նշել է, որ Վաշինգտոնի և դաշնակիցների հետ մշակվող դիվանագիտական առաջարկների շնորհիվ հնարավոր է հասնել Ռուսաստանի հետ հակամարտության դեէսկալացիայի ավելի արագ, քան սպասվում էր։ Զելենսկին հույս է հայտնել, որ ռուս-ուկրաինական պատերազմը կարող է ավարտվել արդեն մինչև այս տարվա ձմեռը՝ ուկրաինական և ամերիկյան կողմերի համատեղ ցանկությամբ։ Զելենսկին դահլիճում է եղել և լսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը, որից հետո նրանք նաև դեմ առ դեմ  հանդիպում են ունեցել ։ Նրանք քննարկել են պատերազմի շուտափույթ ավարտի առաջնահերթություններն ու հնարավոր էներգետիկ հրադադարի պայմանները։

Սերգեյ Լավրովը ժամանել է Նյու Յորք. նախատեսվում է հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նույնպես Նյու Յորքում է։ Նախատեսված են մի շարք երկկողմ ու բազմակողմ բանակցություններ, որոնցից ամենաառանցքայինը հանդիպումն է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ: Ռուսաստանի գլխավոր դիվանագետն ավելի վաղ հայտարարել էր, որ ամերիկացի գործընկերոջ հետ ցանկանում է հստակեցնել Վաշինգտոնի դիրքորոշումն ուկրաինական ճգնաժամի կարգավորման, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից առաջարկվող միջնորդական ջանքերի վերաբերյալ:

Արկտիկական գործարք. ԱՄՆ-Դանիա-Գրենլանդիա համաձայնագիրը

Ասամբլեայի կուլիսներում կայացել է ևս մեկ ռազմավարական իրադարձություն. Դոնալդ Թրամփը, Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը և Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը համաձայնագիր են ստորագրել Արկտիկայի անվտանգության վերաբերյալ ։ Ըստ փաստաթղթի՝ Գրենլանդիան մնում է Դանիայի ինքնավար տարածք, սակայն ԱՄՆ-ն իրավունք է ստանում անհապաղ ընդլայնելու իր ռազմական ներկայությունը կղզում, ներառյալ երկու նոր խոշոր ռազմական բազաների կառուցումը։ Սրանով Թրամփը սպառված է համարում Գրենլանդիան «գնելու» իր նախկին հավակնոտ պլանների շուրջ առաջացած աղմուկը։

Leave a Comment