Մելինե Համամջյան. հայ օպերետային բեմի ու շարժանկարի ամենակոլորիտային ու անշփոթելի դերասանուհին․ «Արդեն 100 տարի»

Հանրային ռադիոյի հարուստ ձայնադարանում պահվում են հայ օպերետային բեմի և շարժանկարի ամենից կոլորիտային, համով-հոտով դերասանուհիներից մեկի՝ Մելինե Համամջյանի ձայնը, նրա դերակատարումները:

Ամեն անգամ Մելինեի հայտնվելը բեմում կամ կինոպաստառին անասելի ուրախություն է պատճառել հանդիսականին և լիաթոք ծիծաղելու առիթ տվել: Նա Կոստանդնուպոլսեցի է՝ ծնված 1922-ի դեկտեմբեր 17-ին: Ճիշտ է, մեկ տարեկան էր, երբ քեմալական դաժանություններից խուսափելու համար ընտանիքով տեղափոխվեցին Բուլղարիա և տնավորվեցին Պլովդիվում, որտեղ մի մեծ հայկական համայնք էր ձևավորվում:

Նա խոստովանել է, որ փոքր տարիքից երբեք լուռ չի եղել, միշտ կամ երգել է, կամ արտասանել: Եվ իրենց տուն եկած հյուրերի համար ունեցել է հատուկ հյուրասիրություն, և դա իր ելույթն էր: Հենց Պլովդիվում էլ Մելինեն կատարեց իր առաջին թատերական քայլերը, մինչև որ հայրենադարձների քարավանով, 1946-ին՝ սրանից 80 տարի առաջ, տեղափոխվեց Հայաստան:

Երբ Մելինե Համամջյանը եկավ Երևան, այստեղ արդեն գործում էր Երաժշտական կոմեդիայի՝ օպերետայի թատրոնը, որի հիմնադրման և կայացման գործում մեծագույն դեր են ունեցել Հայկ Դանզասը, Շարա Տալյանը, Արամ Տեր–Հովհաննիսյանը, Թադևոս Սարյանը, Վարդան Աճեմյանը և այլք: Մելինեն ընդունվեց թատրոնի երգչախումբ, բայց շատ շուտով դարձավ դերասանական խմբի լիիրավ անդամ՝ հակառակ որ չուներ մասնագիտական կրթություն, բայց լեցուն էր բնատուր տաղանդով:

Նրա լավագույն խաղընկերները եղան Հայկ և Իզաբելլա Դանզասները,Կարպ Խաչվանքյանը, Սվետլանա Գրիգորյանը, Թաթիկ Սարյանը:

Որքան փառահեղ է հնչում Արևմտահայերենը՝ այս շքնաղ հայերենը Մելինեն Համամջյանի շուրթերից: Նրա մասնակցությունը մի առանձնակի հմայք է հաղորդել «Տերն ու ծառան», «Ձախորդ Փանոսը», «Գիքոր», «Կտոր մը երկինք», «Ընկեր Փանջունի» շարժանկարներին:

Leave a Comment