Ադրբեջանական կողմը հետաձգել է Երևանում նախատեսված «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հանդիպումը՝ Հայաստանի իշխանություններին մեղադրելով Ադրբեջանի դեմ տեղեկատվական արշավին և տարածքային հավակնություններին աջակցելու մեջ։ Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով իրենց աղբյուրներին։
Ըստ հրապարակման՝ Բաքվում պնդում են, որ վերջին օրերին Ադրբեջանի դեմ տեղեկատվական արշավ է իրականացվել՝ օտարերկրյա լոբբիստական և փորձագիտական շրջանակների ներգրավմամբ։ Հրապարակման հեղինակները նաև պնդում են, որ դրա հետևում կանգնած է Հայաստանի ղեկավարությունը՝ սակայն այդ մեղադրանքը հիմնավորող ապացույցներ չներկայացնելով։ Այս պատճառաբանությամբ ադրբեջանական կողմը նպատակահարմար չի համարել այս օրերին Երևանում հայ և ադրբեջանցի փորձագետների հերթական հանդիպման անցկացումը և որոշել է այն հետաձգել։ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայ ներկայացուցիչներից Բորիս Նավասարդյանը սեպտեմբերի 22-ին Factor TV-ի հետ զրույցում հայտնել էր, որ նախաձեռնությունն այս պահին սառեցված է՝ դա կապելով հայ-ադրբեջանական հարաբերությունների ընթացքի անորոշության հետ։ «Քանի որ հայ-ադրբեջանական հարաբերությունների ընթացքը բավականին անորոշ է, բնականաբար, նաև «Խաղաղության կամուրջը», որը, ուզենք թե չուզենք, կապված է նաև պաշտոնական օրակարգի հետ, տվյալ պայմաններում, երևի, չի կարող արդյունավետ գործել և ընդհանրապես գործել»,– ասել էր նա։«Խաղաղության կամուրջը» Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նախաձեռնություն է։ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները 2026 թվականի ապրիլին մեկնել էին Ադրբեջան՝ մասնակցելու կլոր սեղան քննարկումների։
Փոխադարձ այցեր էին իրականացվել նաև նախորդ տարի։