Իսրայելի կառավարությունը շարունակում է խախտել Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրը, համառորեն շարունակում է հարձակումները և ոչնչացնում անկլավի քաղաքացիական ենթակառուցվածքները։ Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բացման ժամանակ հայտարարել է Հորդանանի թագավոր Աբդալլա Երկրորդը։
«Իսրայելը անտեսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայում կարգավորման վերաբերյալ ներկայացրած ծրագիրը, հրաժարվել է դուրս բերել զորքերը և պաղեստինցիների բնակության համար նախատեսված տարածքը սահմանափակել է հատվածի տարածքի մեկ երրորդով», — ընդգծել է Հորդանանի միապետը։
Նրա խոսքով՝ «այն, ինչ տեղի է ունենում Գազայում, նոր իրողություն պարտադրելու և պաղեստինյան ներկայությունը երկրի երեսից վերացնելու փորձ է»։
Իր ելույթում Աբդալլա Երկրորդը ուշադրություն է հրավիրել նաև Հորդանան գետի Արևմտյան ափին տեղի ունեցող իրադարձությունների վտանգավոր զարգացման վրա, որտեղ, նրա խոսքով, նկատվում է հրեա վերաբնակիչների կողմից բռնության սրում։
«Պաղեստինցիներին ծեծում և ահաբեկում են, նրանց տներն այրում են, գույքը ոչնչացնում, ընտանիքներին վտարում իրենց հողերից։ Նման բռնի տեղահանումը ռազմական հանցագործություն է», — նշել է նա։