Սեպտեմբերի 20-ին Գորիսի Ակսել Բակունցի անվան ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները Կապանից վերադառնալիս վթարի էին ենթարկվել։ Նրանցից վեցը դեռ բուժում են ստանում։ Մյուս աշակերտներն այսօր մասնակցել են դասերին։
Գորիսի Ակսել Բակունցի անվան ավագ դպրոցի աշակերտները սեպտեմբերի 20-ին արշավի էին գնացել Կապան։ Տուն վերադառնալիս նրանց տեղափոխող միկրոավտոբուսը վթարի էր ենթարկվել Գորիս-Տաթև ճանապարհին՝ Սատանի կամրջի մոտակայքում։ Մեքենայում 16 աշակերտ, 7 ծնող և մեկ ուսուցիչ են եղել։ Նրանց տեղափոխել էին հիվանդանոց։ Պատմում է Գորիսի բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Լևոն Հարությունյանը․
«Ժամը 22։50-ից սկսած մոտ 40 րոպում հիվանդանոց է ընդունվել 17 տուժած։ Բոլորին սկսեցին համապատասխան հետազոտություններ անել, պարզվեց, որ երկուսն այնպիսի խնդիրներ ունեն, որ հնարավոր չէր այստեղ բուժօգնություն կազմակերպել, ու տեղափոխվեցին Երևան»։
11 հոգու նույն օրը դուրս էին գրել, իսկ 4 հոգու հոսպիտալացրել էին։ Գորիսի բժշկական կենտրոնում արձանագրվել էր, որ նրանք գլխուղեղի ցնցում, քթի կոտրվածք և սալջարդ ունեն։ Ականատեսները դպրոցի տնօրեն Լուսինե Իսրայելյանին պատմել են, որ վարորդը սթափ է եղել․
«Դիմացից ավտոմեքենա չի եկել, հետևից էլ ծնողներն էին գալիս այլ մեքենայով։ Թե արգելակներն են տաքացել, չի կարողացել պահի, չգիտեմ, փորձաքննությունը ցույց կտա»։
11-րդ դասարանում դասապրոցեսը բնականոն կերպով շարունակվում է՝ ասում է դպրոցի տնօրենը․
«Դասարնում 21 աշակերտ կա, այսօր, 6 հոգուց բացի, բոլորը ներկայացել են․ չեն եկել միայն հիվանդանոցում ու Երևանում գտնվողները»։
Լուսինե Իսրայելանը մեզ տեղեկացրեց, որ փոխադրամիջոցը պատկանել է վստահելի տրասնպորտային ընկերություններից մեկին։ Ընկերության տնօրենը հավաստիացնում է, որ ավտոմեքենան անցել է տեխնիկական զննումը և որևէ խնդիր չի ունեցել։
Վթարի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։