Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը պաշտպանության կողմի միջնորդության հիման վրա փոխվեց տնային կալանքի՝ այլ անձանց հետ շփման արգելքով:

Դատական նիստից հետո Մանուկյանը կգնա տուն, «Ազատությանը» փոխանցեց փաստաբան Տաթևիկ Սողոյանը։

Սեպտեմբերի 6-ին դատարանը մեկ ամսով երկարաձգել էր ընդդիմադիր գործչի կալանքը։

Իրավապահները «Մայր Հայաստան» կուսակցության 46-ամյա անդամին մեղադրում են պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով: Կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանը, որը խորհրդարանական ընտրություններում «Բարգավաճ Հայաստան»-ի ցուցակի երկրորդ համարն էր, այս գործով հիմնական մեղադրյալն է՝ իրավապահները նրան լրտեսության, պետական դավաճանության հանցանքներ են վերագրում, իսկ Մանուկյանը, ըստ քննիչների, նրան պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները փոխանցողն է եղել: Երկուսն էլ մեղքը չեն ընդունում:

Leave a Comment