Հայ ֆուտբոլիստ Ռոման Ավակյան Գոմեսը հրավիրվել է ԱՄՆ Մ17 հավաքական՝ Իսպանիայում կայանալիք միջազգային հավաքին մասնակցելու համար։
Ամերիկյան թիմը կմասնակցի մրցաշարի, որի շրջանակներում կանցկացնի չորս ընկերական հանդիպում՝ Նիդերլանդների, Ֆրանսիայի, Շոտլանդիայի և Բելգիայի հավաքականների հետ։ Ավակյանի՝ ԱՄՆ հավաքական հրավիրվելու մասին հաստատել է նաև նրա ակումբը՝ գերմանական «Մայնցը»։
16-ամյա ֆուտբոլիստը նախկինում ներկայացրել է Հայաստանի և Մեքսիկայի պատանեկան հավաքականները, իսկ այժմ հնարավորություն է ստացել հանդես գալ ԱՄՆ-ի թիմի կազմում։
Ավակյանը ծնվել է Միացյալ Նահանգներում և հոր կողմից հայկական արմատներ ունի, իսկ նրա մայրը մեքսիկուհի է։ Իր ծագման շնորհիվ ֆուտբոլիստը կապված է միանգամից երեք երկրի հետ։
Հայաստանի հավաքականի կազմում Ռոմանը հանդես է եկել երկու տարիքային խմբում։ 2024 թվականին նա Մ14 հավաքականի կազմում մասնակցել է ՈՒԵՖԱ-ի զարգացման մրցաշարին, իսկ մեկ տարի անց՝ Երևանում անցկացված Մ15 հավաքականների մրցաշարին։ Այդ ժամանակ Ավակյանը գոլ է խփել Ուզբեկստանի դեմ խաղում, ինչպես նաև աչքի ընկել Վրաստանի թիմի դեմ հանդիպման հետխաղյա 11-մետրանոցների ժամանակ։
2026 թվականի մարտին ֆուտբոլիստը պատանեկան մակարդակում փոխել է հավաքականը և հրավիրվել Մեքսիկայի Մ16 հավաքական, որի կազմում մասնակցել է Ֆրանսիայում անցկացված միջազգային մրցաշարի։
Եվ հիմա Ավակյանը ստացել է իր առաջին հրավերը ԱՄՆ Մ17 հավաքական։
Ակումբային մակարդակում Ռոմանը հանդես է գալիս «Մայնց» Մ17-ի կազմում։ Գերմանական ակումբը նրան թիմի հայտացուցակում ներկայացնում է որպես պաշտպան։ Միևնույն ժամանակ Ավակյանը բավականին ունիվերսալ ֆուտբոլիստ է․ նա կարող է խաղալ պաշտպանության և կիսապաշտպանության ձախ եզրում, ինչպես նաև հարձակման աջ թևում։