Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի ամառային տրանսֆերային պատուհանը փակված է: Այս կապակցությամբ Սաուդյան Արաբիայի առաջնության պաշտոնական կայքը հատուկ անդրադարձ է կատարել, առանձնացնելով լիգայի բոլոր 18 ակումբների գլխավոր նորեկներին, որոնց խաղին երկրպագուները պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնեն։ Այս ցանկում իր հատուկ տեղն ունի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով համալրել է «Ալ Ահլիի» կազմը։
Լիգայի պաշտոնական կայքը հայ ֆուտբոլիստի տեղափոխությանն ու մեկնարկին անդրադարձել է հիացմունքով:
«Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը, ըստ լուրերի, արդեն մի քանի տարի է, ինչ գտնվում էր «Ալ Ահլիի» դիտակետում, և նույնիսկ մրցաշրջանի այս վաղ փուլում արդեն պարզ է դառնում, թե ինչու:
Չնայած Ասիայի գործող կրկնակի չեմպիոններն այնքան էլ հաջող շրջան չեն ապրում և վերջին հինգ խաղում երեք պարտություն են կրել, Սպերցյանը թիմում իսկական առանձնացող ֆիգուր է։ Նրա ակտիվում արդեն գրանցված է երկու գոլ և երկու արդյունավետ փոխանցում»,-նշված է լիգայի պաշտոնական կայքի անդրադարձում։