Ինչպե՞ս դուրս գալ հարկային հաշվառումից․ ոչ ռեզիդենտների համար նոր կարգ է նախատեսվում

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված «Հարկային մարմնում հաշվառված՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

Նախագծով նախատեսվում է սահմանել Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի՝ հարկային մարմնում հաշվառումից հանելու կարգը։ Ըստ նախագծի՝ հաշվառումից հանվելու գործընթացը կիրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով։

Ո՞ւմ է վերաբերում կարգավորումը

Նոր կարգը վերաբերում է ՀՀ հարկային օրենսգրքի համապատասխան դրույթներով հարկային մարմնում հաշվառված՝

  • ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպություններին,
  • ԵՏՄ անդամ այլ պետության կազմակերպություններին,
  • համապատասխան դեպքերում՝ անհատ ձեռնարկատերերին։

Այս սուբյեկտները հաշվառվում են հարկային մարմնում, մասնավորապես, երբ ՀՀ-ում իրականացնում են ԱԱՀ-ով հարկման ենթակա գործարքներ։

Ինչպե՞ս է հնարավոր լինելու դուրս գալ հաշվառումից

Նախագծով նախատեսվում է, որ հաշվառումից հանվելու համար անհրաժեշտ կլինի ներկայացնել համապատասխան դիմում։

Դիմումը հնարավոր կլինի ներկայացնել միայն էլեկտրոնային եղանակով՝ ՊԵԿ-ի պաշտոնական կայքի ոչ ռեզիդենտ ԱԱՀ վճարողների e-VAT համակարգի միջոցով։

Համակարգում առկա հաշվառման տվյալները դիմումում կլրացվեն ինքնաշխատ եղանակով։ Անհրաժեշտության դեպքում դիմումին հնարավոր կլինի կցել նաև համապատասխան փաստաթղթեր։

Որքա՞ն ժամանակում կհանեն հաշվառումից

Եթե դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ ԱԱՀ-ի գծով կատարման ենթակա հարկային պարտավորություններ չկան, հարկային մարմինը նախատեսվում է, որ դիմումը ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում միասնական էլեկտրոնային գրանցամատյանում կկատարի հաշվառումից հանելու վերաբերյալ գրառում։

Այդ մասին ոչ ռեզիդենտ կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը կծանուցեն նաև էլեկտրոնային փոստով։

Իսկ եթե ԱԱՀ-ի գծով պարտավորություն կա՞

Եթե դիմումը ներկայացնելու պահին առկա են ԱԱՀ-ի գծով կատարման ենթակա հարկային պարտավորություններ, դիմումը կմերժվի։

Մերժման մասին ծանուցումը կուղարկվի e-VAT համակարգի միջոցով։

Միաժամանակ, հարկային պարտավորությունների ամբողջական կատարումից հետո հնարավոր կլինի կրկին դիմել հաշվառումից հանվելու համար։ Այդ դեպքում հարկային մարմինը նախատեսվում է, որ նոր դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաշվառումից հանելու վերաբերյալ գրառում կկատարի միասնական էլեկտրոնային գրանցամատյանում։

Ինչո՞ւ է անհրաժեշտ նոր կարգը

Նոր կարգի սահմանման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով։

2026 թվականի մայիսի 6-ի ՀՕ-234-Ն օրենքով Հարկային օրենսգրքի 303-րդ հոդվածը լրացվել է նոր՝ 3-րդ մասով։ Դրանով նախատեսվել է, որ 288-րդ հոդվածի 9.1-ին և 9.2-րդ մասերին համապատասխան հաշվառված՝ ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը հարկային մարմնում հաշվառումից հանվում է Կառավարության սահմանած կարգով։

Մինչև այժմ նման հաշվառումից հանելու ընթացակարգը գործող կարգավորումներով սահմանված չի եղել։

Ե՞րբ կսկսի գործել նոր կարգը

Նախագծով նախատեսվում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի ոչ թե հրապարակումից անմիջապես հետո, այլ դրանով սահմանված կարգավորումների կիրառումն ապահովող համապատասխան ծրագրային ապահովման աշխատանքների ավարտման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Այսինքն՝ էլեկտրոնային դիմումի ներկայացման հնարավորությունը պետք է նախապես ապահովվի e-VAT համակարգում։

Նախագծի մշակողը ՀՀ պետական եկամուտների կոմիտեն է։ Ըստ հիմնավորման՝ դրա ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չեն նախատեսվում,-տեղեկացնում է Iravaban.net-ը։

Leave a Comment