Կովկասը՝ Վաշինգտոն–Անկարա օրակարգում

Կովկասը՝ Վաշինգտոն–Անկարա օրակարգում
1in.am Հաքան Ֆիդանի վերջին հայտարարությունը ցույց է տալիս, որ Հարավային Կովկասը աստիճանաբար ավելի տեսանելի տեղ է զբաղեցնում ԱՄՆ–Թուրքիա հարաբերությունների օրակարգում։ Նյու Յորքում՝ երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների հարյուրամյակին նվիրված քննարկման ժամանակ, Թուրքիայի արտգործնախարարը Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացը ներկայացրեց Անկարա-Վաշինգտոն տարածաշրջանային համագործակցության ուղղություններից մեկի շրջանակում։ Նույն ելույթում նա անդրադարձավ նաև Սև ծովի կայունությանը, Ուկրաինայի շուրջ դիվանագիտական ջանքերին և տարածաշրջանային լարվածության նվազեցմանը։


 


Նորությունն այստեղ ձևակերպման մեջ է։ Ֆիդանը որևէ նոր մեխանիզմ կամ միջնորդական ձևաչափ չհայտարարեց, բայց Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացը առաջին անգամ այսքան հստակ տեղադրեց ԱՄՆ–Թուրքիա տարածաշրջանային համագործակցության շրջանակում։ Այդ քարտեզը պատմություն ունի։


 


1990-ականների վերջից Հարավային Կովկասի ամերիկյան ու թուրքական ռազմավարությունը մեծապես կառուցվում էր էներգետիկ երթուղիների շուրջ։ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը ձևավորեց Արևելք-Արևմուտք նոր էներգետիկ առանցք և ամրապնդեց տարածաշրջանային մի համակարգ, որի տնտեսական ու ռազմավարական ճարտարապետությունից Հայաստանը փաստացի դուրս էր մնացել։


 


Քսան տարի անց տարածաշրջանային քարտեզը զգալիորեն բարդացել է։ Էներգետիկ երթուղիներին ավելացել են երկաթուղիները, ավտոմայրուղիները, էլեկտրական և թվային կապերը, ինչպես նաև Կասպից ծովով դեպի Եվրոպա ձգվող Միջին միջանցքը։ Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը շարունակում են ամրացնել արդեն գործող այս տրանսպորտային համակարգը։ 2026 թվականի Ստամբուլի հռչակագիրը ևս մեկ անգամ ընդգծեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու և Տրանսկասպյան միջանցքի ռազմավարական նշանակությունը։


 


Հայաստանն այս աշխարհագրության մեջ առաջին անգամ ստացել է լուրջ մուտքի հնարավորություն։ 2025 թվականի Վաշինգտոնի գործընթացը և TRIPP-ը Հայաստանը կապեցին ավելի լայն Տրանսկասպյան համակարգի հետ։ Հայաստանի ինքնիշխանությունը, մաքսային վերահսկողությունն ու իրավազորությունը գործող փաստաթղթերում հստակ ամրագրված են։


 


Այստեղ է Հայաստանի հիմնական ռիսկը։ Տարածաշրջանի նոր հաղորդակցային ճարտարապետությունը Հայաստանի մասնակցությունից անկախ արդեն ձևավորվում է՝ Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան գործող երթուղիներով։ TRIPP-ը կարող է Հայաստանին այդ համակարգում տալ իրական կշիռ։ Յուրաքանչյուր ձգձգում, սակայն, ուժեղացնում է արդեն գոյություն ունեցող շրջանցիկ ուղիները և նվազեցնում Հայաստանի բանակցային ու աշխարհատնտեսական կշիռը։


 


Երկրորդ խնդիրը քաղաքական է։ Թուրքիան Հարավային Կովկասում սովորական արտաքին դերակատար չէ։ Անկարան և Բաքուն դաշնակցային հարաբերությունները ամրագրել են Շուշիի հռչակագրով, իսկ Ֆիդանը Հայաստանի հետ կարգավորումը շարունակում է բաց տեքստով կապել Ադրբեջանի հետ սերտ համակարգման հետ։


 


Կա նաև ավելի նուրբ վտանգ։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարող են շարունակել շարժվել Հայաստան-Ադրբեջան գործընթացի արագությամբ։ Անկարան այդ կապը երբեք ամբողջությամբ չի թաքցրել։ Արդյունքում Երևանի և Անկարայի երկկողմ հարաբերությունների հարցը մնում է սերտորեն կախված Բաքվի հետ բանակցություններից։


 


Հայաստանի համար այստեղ կարևոր խնդիր է հայ-թուրքական կարգավորմանը ավելի ինքնուրույն քաղաքական ընթացք տալը։ Երևանը պետք է Վաշինգտոնի հետ աշխատի, որպեսզի հայ-թուրքական սահմանի բացումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու տնտեսական կապերի զարգացումը հնարավորինս նվազ կախված լինեն Բաքվից։ ԱՄՆ–Թուրքիա ակտիվացող երկխոսությունը Հայաստանի համար արժեք կունենա նաև այն դեպքում, եթե նպաստի այս կախվածության թուլացմանը և հայ-թուրքական հարաբերություններին սեփական օրակարգ ու տրամաբանություն հաղորդի։


 


Այս զարգացումը Հայաստանի համար նաև ռիսկ է պարունակում։ Հարավային Կովկասը կարող է աստիճանաբար ներառվել Վաշինգտոն-Անկարա ավելի լայն ռազմավարական օրակարգում՝ Ուկրաինայի, Սև ծովի անվտանգության, ՆԱՏՕ-ի, էներգետիկայի և Մերձավոր Արևելքի հարցերի կողքին։ Ֆիդանի վերջին ելույթը Հայաստան–Ադրբեջան գործընթացն արդեն ներառում է հենց այդ ավելի լայն ռազմավարական շրջանակում։


 


Հայաստանի համար առանցքային հարցը սեփական ազդեցության պահպանումն է։ Վաշինգտոն–Անկարա ավելի լայն պայմանավորվածությունների մեջ Երևանի առաջնահերթությունները կարող են երկրորդ պլան մղվել։ Այդ պատճառով ԱՄՆ–Թուրքիա կովկասյան համակարգման խորացումը Հայաստանի առաջ դնում է սկզբունքային խնդիր՝ լինել տարածաշրջանային նոր ճարտարապետության ձևավորման լիարժեք մասնակից և պահպանել սեփական օրակարգի ինքնուրույն կշիռը։


 


Երրորդ ռիսկը կապված է խաղաղության տնտեսական տրամաբանության հետ։ Ճանապարհները, բեռնափոխադրումները և ներդրումները կարող են խաղաղությանը տալ ամուր նյութական հիմք, սակայն մեծ ենթակառուցվածքային նախագծերը արագություն և անխափանություն են պահանջում։ Ժամանակի ընթացքում հենց այս պահանջները կարող են բախվել Հայաստանի սահմանային, մաքսային և իրավական վերահսկողության գործնական հարցերին։ TRIPP-ի գործող փաստաթղթերը այդ լիազորությունները հստակ պահպանում են Հայաստանի ձեռքում։ Իրական փորձությունը կգա գործարկման փուլում՝ որքան արդյունավետ Հայաստանը կկարողանա ապահովել արագ և մրցունակ հաղորդակցություն՝ առանց իր վերահսկողության թուլացման։


 


Ֆիդանի խոսքի իրական նշանակությունն այստեղ է։ Հարավային Կովկասը մտնում է ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական օրակարգ այն պահին, երբ տարածաշրջանի նոր հաղորդակցային ու քաղաքական համակարգն արդեն ձևավորվում է։ Հայաստանի համար սա բացառիկ հնարավորություն է՝ ամրացնելու սեփական աշխարհատնտեսական դերը և մասնակցելու նոր կարգի ձևավորմանը։ Միաժամանակ սա ազդեցության լուրջ փորձություն է։ Գլխավոր հարցը Հայաստանի մասնակցության խորությունն է՝ որքան մեծ դեր կունենա Երևանը տարածաշրջանի նոր ճարտարապետության ձևավորման մեջ և որքանով կկարողանա պաշտպանել սեփական ինքնիշխան օրակարգը։




Կարդացել են
2 անգամ

Leave a Comment