Արքայադուստր Դիանայի՝ Քրիստինա Ստամբոլյանի ստեղծած «վրեժի զգեստը» հանվել է աճուրդի

22 Սեպտեմբերի 2026, 14:08

Արքայադուստր Դիանայի լեգենդար «վրեժի զգեստը» (Revenge Dress), որը ստեղծել է տաղանդավոր դիզայներ Քրիստինա Ստամբուլյանը, կներկայացվի աճուրդում։ Sotheby’s-ի աճուրդը կանցկացվի դեկտեմբերի 9-ին՝ Նյու Յորքում։ Նախնական գնահատմամբ՝ խորհրդանշական զգեստը կարող է վաճառվել 150 հազարից մինչև 300 հազար դոլարով։

Արքայադուստր Դիանան այս զգեստը Ստամբուլյանից գնել էր 1991 թվականին, սակայն երկար ժամանակ չէր համարձակվում այն կրել, քանի որ այն համարում էր չափազանց համարձակ և արքայական արարողակարգին չհամապատասխանող։

Սակայն 1994 թվականի հունիսի 29-ին, երբ նրա ամուսինը՝ արքայազն Չարլզը, հրապարակավ խոստովանեց ամուսնական դավաճանությունը, Դիանան հենց այս զգեստն ընտրեց Լոնդոնի Serpentine պատկերասրահում բարեգործական միջոցառման այցելության համար։

Համարձակ կերպարը հաջորդ օրը հայտնվեց աշխարհի բոլոր խոշոր թերթերի առաջին էջերին և ակնթարթորեն դարձավ կանացի անկախության ու ինքնավստահության խորհրդանիշ։

Քրիստինա Ստամբուլյանը ծնվել է Աթենքում՝ հայ փախստականների ընտանիքում։ Նրա հայրը դերձակ էր, իսկ մայրը՝ ասեղնագործության վարպետ։ Հետագայում նա տեղափոխվել է Անգլիա, որտեղ սկսել է իր կարիերան նորաձևության ոլորտում։ Քրիստինա Ստամբուլյանը ստեղծել է երեկոյան և հարսանեկան զգեստներ, Լոնդոնում և Փարիզում բացել է բուտիկներ, իսկ այժմ ակտիվորեն զբաղվում է բարեգործությամբ

Leave a Comment