Հայաստանի բնապահպանական շարժումները վերջին երկու տասնամյակում փոխվել են։ Եթե նախկինում մայրաքաղաքից բնապահպաններն էին մարզեր գնում, այսօր պայքարի կենտրոնում հենց համայնքներն են։ Հանքերի, ջրերի, հողերի ու համայնքների խնդիրներով այսօր պայքարում են հենց տեղացիները՝ երիտասարդներ, կանայք, ֆերմերներ։ Բայց հանրային ակտիվության աճին զուգահեռ ավելանում են նաև դատական գործերը։ Իրավապաշտպանները պահանջում են հակաSLAPP օրենսդրություն՝ COP17-ից առաջ։
Աննա Շահնազարյանը 2000-ականների ակտիվ բնապահպաններից է։ Այն տարիներին, ասում է, հիմնականում հանքարդյունաբերական խնդիրներով էին մարզեր գնում, հետո շարժումները սկսեցին ավելի թիրախային գործել։

«Թեղուտի շարժումից մինչև Ամուլսար՝ մեր գործողությունները ինքաբուխ, ինքնակազմակերպված էին։ Հաջողությունը նաև դրանում էր, որ ինքը այնքան ինքնուրույն էր, որ իր վրա ոչ ոք չէր կարող ազդել»։
2018-2020-ին բնապահպանական ակտիվիզմը սկսեց ավելի շատ տեղափոխվել համայնքներ՝ «Ռադիոլուր»-ին ասում է «Կանաչ խորհուրդների դաշնություն» էկոակտիվիստական շարժման համահիմնադիր Հայկ Աբրահամյանը։

«Էստեղ ներգրավված են մարդիկ, ովքեր հողի վրա պայքարում են իրենց համայնքի, իրենց առողջ միջավայրի, իրենց իրավունքների համար»։
Բայց համայնքում ձայն բարձրացնելը երբեմն ավարտվում է դատարանում։ 2019-ից Հայաստանում ակտիվիստների և լրագրողների նկատմամբ ճնշումների գործիքներից մեկը դարձել են SLAPP հայցերը։
Բնապահպան և լրագրող Թեհմինե Ենոքյանը 2018-ից 3 նման դատական գործի մեջ է։ Դրանցից մեկը՝ «Լիդիան» ընկերության հայցը, հասել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

«Ես ստացել եմ 2-րդ դատական հայցը՝ ընդդեմ ինձ ԶՊՄԿ-ի կողմից այս անգամ արդեն 6 միլիոն դրամ պահանջի տեսքով, որով ընկերությունը 3 տարի անց պարտվել է դատարանում։ «Լիդիանը» այս պահի դրությամբ դատական հայցով ևս 6 միլիոն դրամ ինձնից պահանջ ունի»։
Դատարանում է հայտնվել նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին աշխատակից Շավարշ Մարգարյանը։ Նրա խոսքով՝ նախկին գործատուն իրեն և ևս 7 նախկին աշխատակցի դեմ հայց է ներկայացրել՝ պահանջելով ընդհանուր 4.7 միլիարդ դրամի փոխհատուցում։

«Իմ կարծիքով, որքան էլ հիմա համայնքներում զարթոնք է ապրում էկոաակտիվիստական շարժումը, խանգարող շատ հանգամանքներ կան՝ բիզնեսի տերերն են, ՏԻՄ-ն է, որը պատշաճ չի օգնում էդ մարդկանց, շատ ժամանակ խանգարում է։ Չկան հակաՍԼԱՓՓ օրենքներ, որոնք կարող են պաշտպանել այդ մարդկանց»։
Նույն խնդիրը բարձրաձայնում են նաև համայնքներում։ Վայոց ձորից այգեգործ Հայկ Իսախանյանը բնապահպանական խնդիրների մասին խոսելուց հետո տեսել է, թե ինչ ռիսկերի կարող է բախվել քաղաքացին։

«Վայոց ձորից ունեն 4 դատական պրոցես․ 2-ը ավագանիների են դատի տվել, 2-ը քաղաքացիների են տվել, և այդպես չգիտենք՝ ինչ անենք։ Պետք է լինի մի օրենք, որ մարդ իրավունք ունենա հանրային լսման ժամանակ արտահայտի իր նկատառումները և դրա համար պատասխանատվության չենթարկվի»։
Հենց այդ պաշտպանությունն էլ հակաSLAPP օրենսդրության հիմնական նպատակն է՝ հանրային նշանակության հարց բարձրացնելու համար մարդուն դատարանի միջոցով լռեցնելու վտանգը նվազեցնել։
SLAPP գործերով փորձագետ, փաստաբան Գուրգեն Թորոսյանը ավելի քան տասը նման գործերում է ներգրավված։ Նրա խոսքով՝ օրենքը պետք է հստակ տարբերակի հանրային շահին վերաբերող խոսքը և դեպքերը, երբ դատական պաշտպանության իրավունքն իսկապես պետք է կիրառվի։

«Խոսքը բացառապես հանրային հետաքրքրություն ներկայացնող երևույթների մասին է։ Եթե քաղաքացին, ով դեմ է իր բնակավայրում հանքի շահագործմանը ու դրա համար լուրջ պատճառներ ունի, մտածում է իր երեխայի ապագայի մասին, համապատասխան վերլուծություններ կան, որ այդ ենթադրյալ հանքի շահագործումը կարող է բնությանը և իրենց առողջությանը վնաս պատճառել, խոսել դրա մասին, ու ասել՝ ես դեմ եմ, դրա համար իր դեմ հայց ներկայացնեն, այդ անձը պետք է ունենա պաշտպանվածություն պետության կողմից օրենքով, խոսքը սրա մասին է»։
Հայաստանում հակաSLAPP մեխանիզմների թեման քննարկվել է նաև արդարադատության նախարարի հետ։ Սրբուհի Գալյանը կարևորել է ԵՄ-ի և Եվրոպայի խորհրդի չափանիշներին մոտարկված օրենսդրության ներդրումը և հայտնել, որ խնդիրը պետք է ներառվի արդարադատության ոլորտի ռազմավարության մեջ։
«Պայմանավորվեցինք քննարկումները շարունակել այն համատեքստում, որ մեր արդարադատության ոլորտի ռազմավարությունը կներառի այս կարևոր խնդիրը, ինչպես նաև դրա լուծման հանդիպումը»։

COP17-ին ընդառաջ «Կանաչ խորհուրդների դաշնություն» շարժումը իշխանություններին կոչ է անում սկսել հակաSLAPP օրենսդրության մշակումը։ ԵՄ-ն արդեն մշակել է նման օրենսդրության չափորոշիչներ։ Հայտարարության մեջ ասված է․
«Այս համաժողովին ընդառաջ հակա-SLAPP մեխանիզմների ներդրումը կլինի կարևոր ազդակ, որ Հայաստանը ոչ միայն ստանձնում է միջազգային բնապահպանական պարտավորություններ, այլև ստեղծում այնպիսի իրավական միջավայր, որտեղ քաղաքացիներն ու համայնքները կարող են ազատ և անվտանգ մասնակցել շրջակա միջավայրին առնչվող որոշումների կայացմանն ու հանրային վերահսկողությանը»։

Իսկ խնդրի մասին խոսում է նաև վիճակագրությունը։ Մարդու իրավունքների տուն-Երևանը 2026-ին հրապարակած տարեկան զեկույցում մտահոգիչ է համարել 2025-ին իրավապաշտպանների նկատմամբ խախտումների վիճակագրությունը՝ 35 SLAPP գործ։
Այսինքն՝ համայնքներում բնապահպանական պայքարը դարձել է ավելի լայն ու տեղային, բայց դրա հետ մեկտեղ քաղաքացիների, ակտիվիստների և լրագրողների համար ավելի կարևոր է դարձել նաև մեկ այլ հարց՝ արդյո՞ք հանրային շահի մասին խոսելը նրանց չի կանգնեցնի դատարանի առաջ։