WB Taxi-ն սկսել է գործել Հայաստանում

WB Taxi-ն սկսել է գործել Հայաստանում

Wildberries-ի տաքսի ծառայությունը՝ WB Taxi-ն, սկսել է գործել Հայաստանում։ Այս պահին ծառայությունը հասանելի է Երևանում՝ սահմանափակ մուտքի ռեժիմով. հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից:

Սկզբնական փուլում WB Taxi-ից օգտվելու հրավերներ կստանան Wildberries-ի աշխատակիցներն ու գործընկերները։ Միաժամանակ ցանկացողները կարող են հավելվածը ներբեռնել Google Play-ից կամ App Store-ից և հայտ ներկայացնել սպասման ցուցակում ընդգրկվելու համար։ Ընկերության փոխանցմամբ՝ առաջիկա շաբաթներին ծառայությունից օգտվողների շրջանակը աստիճանաբար կընդլայնվի։

Այս փուլում առաջին օգտատերերի արձագանքները կօգնեն ընկերությանը բարելավել հավելվածի աշխատանքը և պատրաստվել ծառայության ամբողջական գործարկմանը։

WB Taxi-ն առաջարկում է երեք սակագին՝ «Ստանդարտ», «Կոմֆորտ» և «Մուլտի»։ «Մուլտի» տարբերակի դեպքում համակարգը միաժամանակ մեքենա է փնտրում մի քանի սակագնային կատեգորիաներում, ինչը, ըստ ընկերության, կարող է արագացնել մեքենայի ժամանումը։

Ծառայությունը պայմաններ է առաջարկում նաև վարորդներին։ Ընկերության հայտարարության համաձայն՝ գործընկեր վարորդների համար նախատեսված է ավելի ցածր միջնորդավճար, կանոնավոր վճարումներ և լրացուցիչ եկամուտ ստանալու հնարավորություն՝ սահմանված պայմանները կատարելու դեպքում։

WB Taxi-ում գործում է նաև բոնուսային ծրագիր։ Հավելվածի միջոցով քարտով ուղևորության համար վճարելիս օգտատերերը ստանում են բոնուսային միավորներ, որոնք հետագայում կարող են օգտագործել նոր ուղևորությունների համար։ Նոր գրանցված օգտատերերին ընկերությունը տրամադրում է 1500 բոնուսային միավոր։

Ներկայում WB Taxi-ն գործում է Բելառուսում, Ուզբեկստանում և Ղրղզստանում։ Հայաստանը ծառայության գործունեության չորրորդ երկիրն է։

Leave a Comment