Բարսեղ Կիրակոսյանը նշանակվել է Մոսկվայի «Ռոդինա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»։
Նա փոխարինել է պաշտոնանկ արված իսպանացի Խուան Դիասին։Դիասի պայմանագիրը լրանում էր 2027 թվականի մայիսին։
Դիասի հետ միասին ակումբից հեռացել են նաև նրա բոլոր օգնականները։ Կիրակոսյանի մարզչական շտաբում կաշխատեն Մոսկվայի «Դինամոյի» նախկին կիսապաշտպան Ալեքսանդր Դիմիդկոն և Եգոր Նովոսադովը։
«Ռոդինան» հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 11-ին՝ արտագնա խաղում մրցելով ԲԿՄԱ-ի հետ։
Խուան Դիասը «Ռոդինան» գլխավորել էր 2025 թվականի սեպտեմբերից։ Նրա ղեկավարությամբ մոսկովյան թիմն իր պատմության մեջ առաջին անգամ դուրս էր եկել Ռուսաստանի Պրեմիեր լիգա։ Սակայն ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից հետո թիմը 9 տուրում վաստակել է 5 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի նախավերջին՝ 15-րդ տեղը։
