ԱՄՆ-ը պատրաստ է միջուկային զենք օգտագործել Ճապոնիայի և Հարավային Կորեայի պաշտպանության համար

ԱՄՆ-ն վերահաստատել է իր պատրաստակամությունը պաշտպանել Ճապոնիան և Հարավային Կորեան բոլոր հասանելի միջոցներով, այդ թվում՝ միջուկային զինանոցով, ըստ երեք երկրների արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարության՝ Նյու Յորքում եռակողմ հանդիպումից հետո։

Երկուշաբթի օրը ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոշիմիցու Մոտեգին և Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար Չո Հյունը բանակցություններ են վարել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակներում։

«Միացյալ Նահանգները վերահաստատել է իր անսասան հանձնառությունը Ճապոնիայի և Կորեայի Հանրապետության պաշտպանությանը, որը հիմնված է Ամերիկայի անգերազանցելի ռազմական ուժի, այդ թվում՝ միջուկային զինանոցի, և երկու երկրների նկատմամբ իր ընդլայնված զսպման պարտավորությունների վրա», — ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից տարածված հայտարարության մեջ։

Դիվանագետները նաև ընդգծել են իրենց անսասան հանձնառությունը ԿԺԴՀ-ի լիակատար ապամիջուկայնացմանը և նրա միջուկային և հրթիռային ծրագրերի ֆինանսավորման աղբյուրների կրճատմանը, այդ թվում՝ կիբերտարածությունում։

Կողմերը փաստաթղթում նշել են, որ «երկխոսության ճանապարհը մնում է բաց» և կոչ են արել Փհենյանին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ Կորեական թերակղզում կայունություն ապահովելու համար։

Արտաքին գործերի նախարարները նաև համաձայնության են եկել հակազդել «տնտեսական հարկադրանքին», ամրապնդել մատակարարման շղթայի խափանումների վաղ նախազգուշացման համակարգերը, համագործակցել արհեստական ​​բանականության և կիսահաղորդիչների ոլորտում, ինչպես նաև խթանել փոքր մոդուլային միջուկային ռեակտորները երրորդ երկրների շուկաներում։

Leave a Comment