Դիլիջանում պետական նշանակությամբ շահագործվող ինքնակամ կառույցների օրինականացման համար Կառավարությունը բացառություն է առաջարկում։ Նախագծով նախատեսվում է հնարավորություն ստեղծել մի շարք հողամասերի վրա գտնվող կառույցների գույքագրման և օրինականացման գործընթացն ավարտին հասցնելու համար։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է կառավարության սեպտեմբերի 17-ի նիստի օրակարգում ընդգրկված համապատասխան նախագծերից։
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» օրենքն (այսուհետ` Օրենք) ընդունվել է 2015 թվականի հունիսի 23-ին, ուժի մեջ մտել` ն.թ. օգոստոսի 1-ից:
Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվել է, որ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո դրանով սահմանված կարգով քաղաքաշինական թույլտվություններ չստացած և առանց թույլտվության տարածքների ինքնակամ կառուցապատման օրինականացումն արգելվում է:
Նշված կարգավորումը նախատեսված է միայն Դիլիջան համայնքի համար, ինչը խնդիրներ է առաջացնում համայնքի տարածքում կառուցված և հատկապես պետական նշանակությամբ շահագործվող ինքնակամ կառույցների օրինականացման գործընթացի համար՝ խոչընդոտելով դրանց պատշաճ և արդյունավետ կառավարմանն ու տնօրինմանը։
Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 10-ի N 983-Ն որոշմամբ ստեղծվել է «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամը (այսուհետ` Հիմնադրամ): Սահմանվել է, որ Հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության, որի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն է:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 16-ի N 290-Ն որոշմամբ նախատեսվել է Պետական եկամուտների կոմիտեին ամրացված՝ Դիլիջանի Պարզ լճի 5, 24/1 և 26/1 հասցեներում գտնվող գույքը հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը: Նույն որոշմամբ հանձնարարվել է գույքագրել և ապահովել ավարտված օբյեկտների նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը: Սակայն գործող սահմանափակումների պայմաններում Հիմնադրամի կողմից փաստացի պետական նշանակությամբ շահագործվող անշարժ գույքը չի օրինականացվել:
Պետական նշանակությամբ շահագործվող ինքնակամ կառույցների օրինականացման, դրանց հետագա տնօրինման, օգտագործման և կառավարման արդյունավետության բարձրացման նպատակներով Օրենքում 2026 թվականի հուլիսի 3-ին կատարվել է փոփոխություն, որով 12-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանվել է բացառություն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված` ինքնակամ կառույցների օրինականացման դեպքերի համար, ինչն արդեն հնարավորություն է տալիս անհրաժեշտ բացառությունը սահմանել պետական նշանակությամբ, տվյալ դեպքում՝ Հիմնադրամի կողմից շահագործվող ինքնակամ կառույցների օրինականացման գործընթացն ավարտին հասցնելու համար։
Փաստացի՝ առկա է իրավիճակ, երբ պետական նշանակությամբ շահագործվող կառույցների օրինականացման գործընթացի իրավական խոչընդոտներն օրենքով վերացվել են, տվյալ դեպքում՝ Օրենքում կատարված փոփոխության արդյունքում սահմանվել է, որ Կառավարությունը կարող է բացառություն սահմանել այդ թվում պետական նշանակությամբ շահագործվող կառույցների օրինականացման դեպքերի համար։ Ըստ այդմ՝ պետության կողմից ստեղծված Հիմնադրամի կողմից պետական նշանակությամբ շահագործվող ինքնակամ կառույցների օրինականացման գործընթացն ավարտին հասցնելու օրենսդրական հիմքերն առկա են, և առաջարկվող նախագծի ընդունման արդյունքում պետական նշանակությամբ շահագործվող նշված կառույցներն օրինականացվելու և պատշաճ ու արդյունավետ տնօրինվելու և կառավարվելու հնարավորություն կստանան։
Առաջարկվող կարգավորման բնույթըև ակնկալվող արդյունքը
Հաշվի առնելով, որ ինքնակամ կառույցների օրինականացման գործընթացը ներկայումս կարգավորվում է Քաղաքացիական օրենսգրքով և դրանում կատարված փոփոխություններով,
հիմք ընդունելով այն փաստը, որ Օրենքում 2026 թվականի հուլիսի 3-ին կատարվել է փոփոխություն, որով 12-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանվել է բացառություն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված` ինքնակամ կառույցների օրինականացման դեպքերի համար,
առաջնորդվելով Կառավարության 2022 թվականի հուլիսի 14-ի N 1063-Լ որոշմամբ հաստատված «Պետական գույքի կառավարման ոլորտի բարեփոխումների ռազմավարությամբ» նախանշված նպատակներով ու սկզբունքներով, այդ թվում՝ ռազմավարության՝ պետական նշանակությամբ շահագործվող կառույցների արդյունավետ կառավարմանն առնչվող դրույթներով,
ինչպես նաև կարևորելով սույն նախագծում նշված հողամասերի վրա առկա պետական նշանակությամբ շահագործվող ինքնակամ կառույցների հետագա պատշաճ տնօրինման, օգտագործման և կառավարման արդյունավետության բարձրացման հնարավորության ապահովման անհրաժեշտությունը`
մշակվել է «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի տարածքում պետական նշանակությամբ շահագործվող ինքնակամ կառույցների օրինականացման համար բացառություն սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծը:
Նախագծի ընդունմամբ կսահմանվի բացառություն Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի տարածքում գտնվող 11-003-1596-0001 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված թվով 6, 11-003-0674-0065, 11-003-0674-0008, 11-003-0674-0073, 11-003-0674-0007, 11-003-0674-0067 և 11-003-0674-0036 կադաստրային ծածկագրերով հողամասերից առանձնացված 1-ական, ինչպես նաև 11-003-0674-0031, 11-003-0674-0085 և 11-003-0674-0060 կադաստրային ծածկագրերով (նաև՝ դրանց հետագա փոփոխությունների կամ դրանց առանձնացումների կամ միավորումների արդյունքում ձևավորվող կադաստրային նոր ծածկագրեր ունեցող) հողամասերի վրա առկա պետական նշանակությամբ շահագործվող ինքնակամ կառույցների օրինականացման համար։
Հողամասերի նույնականացման գործընթացն արդյունավետ կերպով կազմակերպելու նպատակով որոշման նախագծի հավելվածով ներկայացվել են նաև նշված հողամասերի և դրանցից առանձնացվող մասերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ (կոորդինատային տվյալներ, հատակագիծ և այլ)։
«Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի տարածքում պետական նշանակությամբ շահագործվող ինքնակամ կառույցների օրինականացման համար բացառություն սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կվերացվեն պետական նշանակությամբ շահագործվող նշված կառույցների օրինականացման անհարկի խոչընդոտները, կստեղծվեն իրավական պայմաններ նշված կառույցների վերջնական պատշաճ գույքագրման և օրինականացման համար, իսկ նախագծի ընդունման վերջնարդյունքում նշված կառույցների օրինականացմամբ կամբողջացվեն և կապահովվեն պետական նշանակությամբ շահագործվող կառույցների հետագա տնօրինման, օգտագործման և կառավարման արդյունավետության բարձրացման հնարավորությունները։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձիք և նրանց դիրքորոշումները
«Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի տարածքում պետական նշանակությամբ շահագործվող ինքնակամ կառույցների օրինականացման համար բացառություն սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։
Տեղեկատվություն իրավական ակտն ընդունելու դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և համայնքային բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
«Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի տարածքում պետական նշանակությամբ շահագործվող ինքնակամ կառույցների օրինականացման համար բացառություն սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների ու ծախսերի լրացուցիչ ավելացում չի առաջացնում: Համայնքային բյուջեում օրինականացման արդյունքում ակնկալվում է եկամուտների ավելացում` ի հաշիվ օրինականացման դիմաց օրենքով սահմանված վճարների:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ (Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
«Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի տարածքում պետական նշանակությամբ շահագործվող ինքնակամ կառույցների օրինականացման համար բացառություն սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծը բխում է Կառավարության 2022 թվականի հուլիսի 14-ի N 1063-Լ որոշմամբ հաստատված «Պետական գույքի կառավարման ոլորտի բարեփոխումների ռազմավարության» 2-րդ՝ «Պետական գույքի կառավարման նպատակները, խնդիրները և սկզբունքները» բաժնի 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերի, մասնավորապես՝ պետական նշանակությամբ շահագործվող կառույցների արդյունավետ տնօրինմանը և կառավարմանն առնչվող դրույթներից։