«Շուշի. անհերքելի փաստեր» ֆիլմը՝ ադրբեջանական կեղծարարություններին ի պատասխան

Շուշին միշտ եղել է հայկական՝ իր բնակչությամբ, մշակույթով, ճարտարապետությամբ, եկեղեցիներով, այստեղ ծնունդ առած անվանի գործիչներով:

Ստեփանակերտցի ռեժիսոր և օպերատոր Գևորգ Տեր-Ղազարյանի  «Շուշի. անհերքելի փաստեր վավերագրական ֆիլմն այս ճշմարտությունն է ապացուցում` պատմական փաստերով, տարբեր երկրների արխիվների արձանագրություններով, օտարերկրյա գործիչների վկայություններով:

«Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի, Վրաստանի արխիվներից և Իրանից  որոշ նյութեր, եվրոպացի  գիտնականների կարծիքներ, այսինքն՝ ֆիլմը հիմնված է արխիվային, պատմական փաստաթղթերի վրա՝ ոչ  միայն հայկական աղբյուրներից, այլ նաև օտարերկրյա»,-ֆիլմի մասին պատմեց ռեժիսոր և օպերատոր Գևորգ Տեր-Ղազարյանը։

 Աշխատանքներն սկսվել են դեռ 2019 թվականին, բայց պատերազմը, քաղաքական իրադարձությունները ստիպել են, որ հեղինակները ֆիլմի սցենարը փոխեն՝ այն դարձնելով ապացուցողականության, փաստերի վրա հիմնված ֆիլմ:

«Այսօր, երբ ադրբեջանցիները հայտարարում են, որ Հայաստանն «արևմտյան Ադրբեջան» է,  որ հայերն իբր այստեղ բնիկներ չեն, նրանք եկվորներ են, իրենք  ենք այս երկրի տարածքի տերերը, ֆիլմը  բարձրացնում է ճշմարտության  արժեքը: Շուշիի մասին հավաստի տեղեկություններ են տալիս ազգությամբ ոչ հայ մարդիկ. Սուրվորովի նման ռազմական գործի գիտակը խոսում է Շուշիի մասին՝ որպես հայկական տարածք, վրաց թագավորը խոսում է Շուշիի մասին՝ որպես հայկական տարածք»,-ֆիլմը ներկայացրեց խմբագիր Վաչագան Փահլևանյանը։։

 «Շուշի. անհերքելի փաստեր» ֆիլմի ինչպես նախորդ երկու մասերի,  երրորդ մասի պրեմիերան ևս տեղի ունեցավ «Թեքեյան» կենտրոնում։  Ֆիլմաշարի չորս մասերի ցուցադրությունը նախաձեռնել է «Թեքեյան» մշակութային միությունը՝ հարթակ ստեղծելով նրանց համար, ովքեր ուզում են իմանալ մերժվող ճշմարտությունը։

 «Շուշիի մասին, երբ մարդկանց գերեվարում էին, և մի ամբողջ եղեռնագործություն տեղի ունեցավ անցյալ դարի սկզբներին, մարդկանց  վառում էին եկեղեցու մեջ. այս ամենի մասին մենք  պարտավոր ենք խոսել նաև այսօր: Եվ պատմական ճշմարտությունների մասին խոսելը ոչ մի դեպքում չի կարող որևէ ձևով խանգարել խաղաղության հաստատմանը»,-Հայաստանի իշխանությունների՝ պատմական իրողությունները մերժելու, դրանում «խաղաղությանը սպառնացող վտանգ» տեսնելու քաղաքականությունը նկատի ունենալով՝ ասաց «Թեքեյան» մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանը։

Ֆիլմի երրորդ մասում ներկայացվում են 1905, 1920 թվականների ողբերգական իրադարձությունները, հայերի ջարդերը, հայերի նկատմամբ թաթարների ճնշումները, ցեղասպան գործողությունները և հետագայում պատմական փաստերը կեղծելու՝ Ադրբեջանի պետական քաղաքականությունը:

 Այդ փաստերն ապացուցուցում են,  որ ադրբեջանական զեղծարարությունները երկար տարիների մանրակրկիտ աշխատանքի արդյունք են:

Ադրբեջանական կեղծարարությունների մասին ֆիլմում խոսում են օտարերկրյա ճանապարհորդողներ՝ վկայելով, որ Շուշին միշտ եղել է հայկական, հայաբնակ, իսկ ադրբեջանական կեղծարարությունները զուտ ծառայում են այդ երկրի իշխանությունների քարոզչությանը:

 «Շուշի. անհերքելի փաստեր» ֆիլմի չորրորդ մասը հենց այդ կեղծարարություններն է մերկացնելու:

Leave a Comment