Կոտրել ապակիները․ Գյումրու թատրոնի 161-րդ թատերաշրջանը՝ ներառականության շեշտով

Գյումրու Դրամատիկական թատրոնում ազդարարվել է 161-րդ թատերաշրջանի մեկնարկը։ Հանդիսատեսի դատին է հանձնվել ամերիկացի դրամատուրգ Թենեսի Ուիլյամսի «Ապակե գազանանոցը» դրաման։ Ներկայացման բեմադրիչը մայրաքաղաքի Մհեր Մկրտչյանի անվան թատրոնի տնօրեն Տաթև Մելքոնյանն է։ Վերջին տարիներին Գյումրու թատրոնում հրավիրյալ բեմադրիչների ու դերասանների մասնակցությամբ ներկայացումները դարձել են ձևավորված ավանդույթ։ Այս անգամ թատրոնի բեմում ներառականության թեման է՝ հաշմանդամություն ունեցող աղջկա պատմության միջոցով։ Հասարակության մեջ արմատացած կարծրատիպերի, միայնության, ընտանեկան պատասխանատվության ու չիրականացված երազանքների մասին է ներկայացումը։

Հանրապետության ամենահին թատրոնի՝ Գյումրու Դրամատիկականի վարագույրը բացվեց 161-րդ անգամ։ Հարաբերական արձակուրդում անգամ դերասաններն ու ստեղծագործական կազմն աշխատել են անդադար։ Աճեմյանցիների ավանդույթն է՝ թատերաշրջանը սկսել նոր ներկայացմամբ։ Այս անգամ ընտրությունը կանգ է առել ամերիկացի նշանավոր դրամատուրգ Թենեսի Ուիլյամսի «Ապակե գազանանոց»-ի վրա։

Սա հաշմանդամություն ունեցող աղջկա մասին հուզիչ պատմություն է՝  մարդու միայնության, ընտանեկան պատասխանատվության ու չիրականացված երազանքների մասին՝ նշում է Լաուրայի դերակատար Սոֆյա Սարգսյանը։

«Լաուրան հաշմանդամ աղջիկ է, ով ունի իր փխրուն, զգայուն ներաշխարհ, և նրա աշխարհայացքն ու աշխարհընկալումը մի քիչ  այլ են, տարբերվում են  ընտանիքի անդամներից: Եվ «ապակե գազանանոց» անվանումը իզուր չէ ասված, որովհետև էստեղ սիմվոլիկ բնույթ է կրում, ամեն մեկն իր «ապակու» հետևում է ու ամեն մեկն իր «գազանանոցն» է ստեղծել՝դառնալով գազան: էստեղ կերպարիս գլխավոր գաղափարախոսությունն այն է, որ երբեք ոչ մի թերություն, ոչ ֆիզիկական, ոչ հոգեբանական, չի կարող երբեք կոտրել քո երազանքները, քո հոգին, քո պարզ ու մաքուր ցանկությունները»։

Ներկայացումը բեմադրված է յուրահատուկ ձևաչափով․ դերասաններից բացի՝ բեմում է նաև հանդիսատեսը։ Այս կերպ հանդիսատեսը կարծես ավելի մոտ է կերպարներին և ակամայից դառնում է ընտանեկան դրամայի ու դերասանների խաղի մասնակիցը։

Բեմում վերարտադրված է ընտանեկան միջավայր, որտեղ սենյակներն իրարից առանձնացված են ապակե պատերով։ Ապակու տարբեր կողմերում մարդիկ են, որոնք ապրում են  մեր կողքին, բայց որոնց հանդեպ սեր ու ուշադրություն չկա՝ նշում է ներկայացման բեմադրիչ Տաթև Մելքոնյանը։

«Բոլորը իրավունք ունեն սիրելու, սիրվելու նաև ապրելու կյանքը այնպես, ինչպես իրենք են պատկերացնում, մեկը մյուսի վրա չճնշել, հարգել միմյանց, միմյանց անձնական տարածքը, երազանքները,որ երբեմն թվում է չեն իրականանա, բայց երբ  կողքից մի փոքր օգնում ես՝  ստացվում է չխանգարել միմյանց և հույս տալ»։

Հաշմանդամություն ունեցող անձանց հանդեպ հասարակության վերաբերմունքը միանշանակ չէ։ Լաուրայի քայլելու խնդիրը մայրը համարում է փոքրիկ ֆիզիկական թերություն, փորձում է նրան ինտեգրել հասարակությանն ու ապահովել լիարժեք կյանքի իրավունքը, բայց արմատացած կարծրատիպերը հաղթահարել չի հաջողվում։ Աղջկան ամենուր մերժում են, իսկ երբեմն նաև մայրն է փորձում ընդգծել աղջկա ֆիզիկական թերությունը, և մայրական սերը դառնում է կործանարար՝ բովանդակությունը փոքր-ինչ ներկայացնում է Գյումրու Դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը։

«Ինձ թվում է՝ հենց առաջին հերթին իր կողքը շրջապատող մարդիկ, հարազատները չպիտի նայեն որպես հիվանդի, այլ՝ հավասարը հավասարին: Ու էստեղ հենց էտ է գալիս, որ երբեմն մայրական սերը վտանգավոր է, որովհետև դու ինքդ քո երեխային չպիտի նայես որպես հիվանդի, այլ՝որպես լիարժեք մարդու, հետևաբար, հասարակությունը կնայի այնպես, ինչպես պետք է»։

«Ապակե գազանանոցը» բեմադրվել է Հայկական Կարիտասի հետ  գործակցությամբ։ Մինչև այս էլ Նիկոլայ Ծատուրյանի բեմադրությամբ ներկայացվել էր խուլ ու համր աղջկա մասին պատմող «Հրաշագործ»-ը։ Թատրոնի լեզվով փորձում են կոտրել հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ կարծրատիպային վերաբերմունքը և ցույց տալ, որ ֆիզիկական առանձնահատկությունների պատճառով մարդկանց չպետք է տարբերակել․ նրանք ևս հասարակության լիիրավ անդամներ են՝ ասում է Հայկական Կարիտասի ծրագրերի ղեկավար Սիրանուշ Գալստյանը։

«Մենք, աշխատելով ոլորտում, տեսնում ենք մեր շուրջը շատ մարդկանց, ովքեր մեր հերոսուհու պես գտնվում են «ապակե գազանանոցում»: Եվ Հայկական Կարիտասի կոչը այսօր՝ փորձել կոտրել այդ ապակիները միասին, փորձել կոտրել այդ պատնեշները և միասին ստեղծել ավելի ներառական, բաց ու հասանելի աշխարհ բոլորի համար»։

«Ապակե գազանանոցից» բացի՝ Գյումրու Դրամատիկական թատրոնը հոկտեմբերին ևս մեկ առաջնախաղով կներկայանա հանդիսատեսին։ Թատրոնի տնօրեն Արամ Կարապետյանի խոսքով՝ վերջին շրջանի դրամատիկ ներկայացումներին այժմ փոխարինելու է գալիս «Վատ տղաներ» կատակերգությունը, իսկ տարին կեզրափակվի երեխաների համար բեմադրված ամանորյա նոր, գունեղ ներկայացմամբ։

Հին ու նոր ներկայացումներով թատրոնը կմասնակցի նաև թատերական փառատոների, նախատեսվում են հյուրախաղեր Հայաստանում և արտերկրում։

Leave a Comment