Գերմանիայի քաղաքական քարտեզը փոխվում է․ իշխող ուժի պատմական պարտությունն ու ծայրահեղ աջերի և ձախերի հաղթարշավը

 Գերմանիայում քաղաքական ցնցումները շարունակվում են․ արևելյան երկրամասերում կայացած տեղական ընտրությունների արդյունքները դիտարկվում են որպես լուրջ հարված կանցլեր Ֆրիդրիխ Մերցի գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական միության վարկանիշին (CDU)։ Մեքլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայում աջակողմյան «Ալտերնատիվ Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը հավաքել է ձայների շուրջ 38%-ը։ Շոկային է եղել Մերցի ղեկավարած քաղաքական ուժի արդյունքը։ Ավանդական պահպանողական կուսակցությունն առաջին անգամ իր պատմության մեջ չի կարողացել հաղթահարել 5%-անոց շեմը և դուրս է մնացել երկրամասի խորհրդարանից։ Ընտրությունները Գերմանիայի իշխող ուժի համար ծանր պատկեր են գրանցել նաև Բեռլինում։

Գերմանիայում քաղաքական ցնցումները շարունակվում են․ մեկ ընտրական օրում քաղաքական քարտեզն ավելի է խառնվել։ Սեպտեմբերի 20-ին ընտրություն էր երկու երկրամասում՝ Մեքլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայում և Բեռլինում։  Երկու դեպքում էլ իշխող ուժից ավելի վստահել են այլ ուժերի։ Սա արդեն երրորդ ծանր հարվածն է իշխող ուժի վարկանիշին ընդամենը երկու շաբաթում։

Մեքլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայում գրանցվել է աննախադեպ ցուցանիշ․ առաջին տեղում 38.2 տոկոսով աջակողմյան «Ալտերնատիվ Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունն է՝ հայտնի որպես ազգայնական ծայրահեղական ուժ։ Երկրորդ տեղում 35.5 տոկոսով սոցիալ-դեմոկրատներն են՝ SPD-ն։ Բայց օրվա ցնցումն այն էր, որ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական միությունը (CDU) ստացել է ընդամենը 4.9 տոկոս և առաջին անգամ պատմության մեջ դուրս մնացել այս երկրամասի խորհրդարանից։ Միջազգային լրատվամիրջոցները սա ցնցում են որակում

Սա արդեն երրորդ ծանր հարվածն է CDU-ին ընդամենը երկու շաբաթվա ընթացքում՝ սեպտեմբերի 6-ին Սաքսոնիա-Անհալթում AfD-ի տարած 43.8% ռեկորդային հաղթանակից հետո։

Ֆրիդրիխ Մերցը՝ Գերմանիայի դաշնային կանցլերը, շտապեց հրապարակավ ընդունել իր ուժի պարտությունը , իսկ արդյունքը սարսափելի որակել։

«Մեքլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայում գրանցված արդյունքը  չենք կարող գեղեցկացնել․ սա աղետ է։ Այն, ինչ հիմա անհրաժեշտ է անել, պահանջում է կամք, տոկունություն և համբերություն։ Ես կցուցաբերեմ այդ որակները որպես CDU-ի նախագահ և, առաջին հերթին, որպես մեր երկրի դաշնային կանցլեր։ Այս բարեփոխումները հակաթույնն են այն ավտորիտար թույնի, որը ներթափանցում է մեր հասարակություն»։

Չնայած Մերցը հայտարարում է, որ չի պատրաստվում հրաժարական տալ, սակայն հաղթող ուժերն արդեն այլ դիրքերից են խոսում։ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության AfD համանախագահ Տինո Խրուպալան կոշտ է արձագանքելով Մերցի ելույթին.

«Կանցլերի հայտարարությունը թույլ էր։ Նա ձևացնում է, թե կարող է շարունակել կառավարել այնպես, ինչպես նախկինում, փոխանակ ընդունի դաշնային քաղաքականության փլուզումը և անհրաժեշտ հետևություններ անի»։

Ի՞նչն է  AfD-ի այս անկասելի աճի և ավանդական կուսակցությունների վարկանիշի անկման հիմքում։ Քաղաքագիտական գնահատմամբ՝ սա պարզապես լոկալ դժգոհություն չէ, այլ՝ համակարգային ճգնաժամ։  

Առաջին հերթին սա տնտեսական անկման ու անորոշության հետևանք է․ բարձր ինֆլյացիան, էներգետիկ ճգնաժամը և արդյունաբերության դանդաղումը ծանր հարված են հասցրել գերմանացիների գնողունակությանը։

Երկրորդ գործոնը անվերահսկելի միգրացիան է․ փախստականների նոր ալիքները, տեղական համայնքների ծանրաբեռնվածությունն ու անվտանգային մտահոգությունները մեծացնում են դժգոհությունը Բեռլինի որոշումներից։

Եվ երրորդը Արևելք-Արևմուտք խորացող ճեղքվածքն է․ Արևելյան Գերմանիայի բնակիչներն իրենց հաճախ զգում են «երկրորդ կարգի քաղաքացիներ»՝ ավելի ցածր աշխատավարձերի, թոշակների և դաշնային կենտրոնի կողմից իրենց ձայնը չլսելու պատճառով։

Մեկնաբանելով արևելյան երկրամասերի դժգոհությունը՝  Մանուելա Շվեզիգ, Մեքլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայի վարչապետ (SPD)․ «Ընտրողների այս արձագանքն ուղղված է ոչ միայն տեղական իշխանություններին, այլև Բեռլինի որոշումներին։ Մարդիկ հոգնել են անորոշությունից, բարձր գներից ու իրենց ձայնը չլսելու զգացումից»։

Նույն օրը Բեռլինը բոլորովին այլ պատկեր ցույց տվեց։ Մայրաքաղաք-երկրամասում ստացած քվեներով առաջինն են ձախերը՝ (Die Linke)-ն՝ 25.7 տոկոսով։ Մերցի CDU-ն երկրորդն է՝ 18.8, AfD-ն՝ 16.3, Կանաչները՝ 14.3, իսկ SPD-ն՝ 12.1 տոկոսով։

Այսինքն՝ մի երկրամասում ձախերն են առաջ գալիս, մյուսում՝ աջ պոպուլիստական AfD-ն։

Այստեղ կարևոր է տարբերակել․ Գերմանիայում երկրամասային ընտրությունը դաշնային ընտրություն չէ, և այս արդյունքներով Մերցի կառավարությունը ինքնաբերաբար չի փոխվում։ Բայց սրանք հստակ ազդանշաններ են․ իշխանություն ձևավորած CDU-SPD կոալիցիան այլևս մեծամասնություն չունի, իսկ ընտրողները զանգվածաբար հակվում են դեպի հակադիր բևեռներ։

Մյուս կուսակցությունները փորձում են պահպանել «սանիտարական պատը»՝ արգելափակելու ազգայնական գաղափարներով հայտնի ու վտանգավոր համարվող AfD-ի մուտքը կառավարություն,  բայց Գերմանիայում քաղաքական պարադոքսը խիստ նկատելի է։ Սա դեռ Մերցի կառավարության անկումը չէ, բայց արդեն այնպիսի ազդանշան է, որը Բեռլինում դժվար է չլսել։

Leave a Comment