Iravaban.net–ն ուսումնասիրել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված՝ Շրջակա միջավայրի նախարարության նախագիծը, որով «Սևան» ազգային պարկի համար առաջարկվում է հաստատել 2026-2036 թվականների կառավարման և զարգացման նոր պլան։ Նախագծով նախատեսվում է ուժեղացնել կենսաբազմազանության պահպանությունը, կանխարգելել ապօրինի ծառահատումները, որսագողությունն ու աղտոտումը, զարգացնել էկոտուրիզմը և բարձրացնել պարկի կառավարման ու վերահսկողության արդյունավետությունը։
Ընթացիկ իրավիճակ և իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն
«Սևան» ազգային պարկը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող խոշորագույն բնության հատուկ պահպանվող տարածքներից մեկը, որի հիմնական առաքելությունն է Սևանա լճի և դրա ջրաբանական, կենսաբազմազանության և լանդշաֆտային արժեքների համապարփակ պահպանումը, վերականգնումն ու կայուն օգտագործումը։ Ներկայումս պարկի տարածքում առկա են էկոհամակարգերի դեգրադացիայի մի շարք գործոններ՝ ապօրինի ծառահատումներ, որսագողություն, կենցաղային և գյուղատնտեսական աղտոտում, հիվանդությունների և վնասատուների տարածում, ինչպես նաև ռեկրեացիոն ճնշումներ։ Սրան զուգահեռ, կլիմայի փոփոխության համատեքստում արձանագրվում են լիճը սնուցող գետերի հոսքերի նվազում և ջերմաստիճանի բարձրացում, ինչը հանգեցնում է էկոհամակարգերի հավասարակշռության խախտման։
Նման պայմաններում անհրաժեշտ է ձևավորել ժամանակակից և գիտականորեն հիմնավորված կառավարման համակարգ, որը կապահովի էկոհամակարգային ծառայությունների պահպանումն ու ուժեղացումը, բնական ռեսուրսների կայուն կառավարումը, սոցիալ-տնտեսական զարգացումը և կենսաբազմազանության պահպանությունը։ Այս նպատակով մշակվել է «Սևան» ազգային պարկի 2026-2036 թթ. զարգացման (կառավարման) պլանը, որի հաստատման իրավական հիմքը հանդիսանում է շրջակա միջավայրի նախարարի հրամանը։
Առաջարկվող նախագծի կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է հաստատել «Սևան» ազգային պարկի կառավարման պլանը 2026-2036 թվականների համար՝ ամրագրելով կառավարման ռազմավարական ուղղությունները, տարածքային գոտևորման հիմքերը, էկոհամակարգերի պահպանման և վերականգնման միջոցառումները, վարչական կարողությունների զարգացումը, մոնիթորինգի և վերահսկողության մեխանիզմները, ինչպես նաև տեղական համայնքների ներգրավման և մասնակցության ձևերը։ Զարգամցան (կառավարման) պլանի իրագործումն ուղղված է ազգային պարկի բնական և մշակութային ժառանգության արդյունավետ պահպանությանը՝ միաժամանակ խթանելով էկոտուրիզմը, կրթությունը և հետազոտությունները։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից։
Ակնկալվող արդյունքները
«Սևան» ազգային պարկի 2026-2036 թվականների զարգացման (կառավարման) պլանի իրագործումը նպատակաուղղված է տարածքի բնական էկոհամակարգերի կենսունակության վերականգնմանը և կենսաբազմազանության արդյունավետ պահպանությանը և օգտագործմանը։ Կառավարական քաղաքականության արդյունքում ակնկալվում է, որ պարկի սահմաններում կենսաբազմազանությունը, այդ թվում՝ ՀՀ Կարմիր գրքում գրանցված, էնդեմիկ և սպառնալիքի տակ գտնվող տեսակները, կպահպանվեն և կվերարտադրվեն առավել բարենպաստ և հուսալի պայմաններում։
Պլանի իրականացումը կնպաստի նաև կլիմայական և մարդածին ճնշումների մեղմմանը, մասնավորապես՝ կանխարգելելով ապօրինի ծառահատումների, որսագողության, կենցաղային և գյուղատնտեսական աղտոտման, ինչպես նաև հրդեհների և ինվազիվ տեսակների տարածման դեպքերը։ Բնապահպանական ռիսկերն ու սպառնալիքները վերահսկելի դարձնելու նպատակով կկիրառվեն կանխարգելիչ և բարելավող գործիքակազմեր, իսկ վտանգավոր երևույթների վաղաժամ արձանագրումն ու արձագանքը կստանան ինստիտուցիոնալ աջակցություն։
Զարգացման (կառավարման) պլանի կարևոր բաղադրիչ է նաև տեղական համայնքների մասնակցային ներուժի ակտիվացումը։ Զարգացման (կառավարման) պլանի կիրառման արդյունքում բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը կբարելավվի՝ պայմանավորված կայուն զբաղվածության հնարավորությունների ընդլայնմամբ, էկոտուրիզմի և ծառայությունների ոլորտի զարգացմամբ, ինչպես նաև բնապահպանական կրթության և իրազեկման մակարդակի բարձրացմամբ։ Համայնքների և բնության միջև փոխշահավետ փոխհարաբերությունների ձևավորումը դիտարկվում է որպես կայուն զարգացման հիմնասյուն։
Միաժամանակ, Զարգացման (կառավարման) պլանի իրականացման շնորհիվ ակնկալվում է «Սևան» ազգային պարկի կրթական, գիտահետազոտական և ռեկրեացիոն ներուժի զարգացում։ Մշակվելիք կրթական և տեղեկատվական ծրագրերը կնպաստեն բնության պահպանության նկատմամբ հանրային գիտակցության և պատասխանատվության բարձրացումը։
Ուշադրության առանցքում կլինի նաև «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կառավարման, վերահսկողության և մոնիթորինգային կարողությունների շարունակական բարելավմանը։ Կկատարվի մասնագիտական վերապատրաստում, կկիրառվեն արդիական վերլուծական գործիքներ և կառավարման չափորոշիչներ, կզարգացվի ներքին գնահատման և հաշվետվողականության մեխանիզմների համակարգը։
Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չի նախատեսվում:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը կապված է հետրյալ ռազմավարական փաստաթղթերի հետ.
ՀՀ կառավարության 2021-2026թթ ծրագիր
Նախագիծը բխում է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված ծրագրի 4.2-րդ՝ «Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման պլանների մշակում և Կառավարության որոշումների ընդունում» կետից։