Ավելի քան 2մլն կողմ և 10002 դեմ ձայն․ ինչպես սկսվեց Հայաստանի անկախության ճանապարհը

Անկախության հանրաքվեն Հայաստանում անցկացվել է 1991 թվականի սեպտեմբերի 21-ին։ Որոշվում էր հանրապետությունը ԽՍՀՄ-ից անկախանալու հարցը։ Ընտրական իրավունք ունեցողների 94,39 %-ը քվեարկել է անկախության հռչակման օգտին՝ 95,4 % մասնակցության պարագայում։

1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհուրդն ընդունեց «Հայաստանի անկախության մասին հռչակագիրը», որը նշանավորեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։ Հայտարարվեց հանրապետության տարածքում ԽՍՀՄ Սահմանադրության և օրենքների գործունեության դադարեցման մասին։

1991 թվականի մարտի 1-ին Հայաստանի Գերագույն Խորհուրդը որոշեց անցկացնել հանրաքվե՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին և համաժողովրդական քվեարկության դնել հարցը՝ «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ-ի կազմից դուրս»։ Հանրաքվեն նշանակվեց 1991 թվականի սեպտեմբերի 21-ին։ Հանրապետության Գերագույն Խորհրդի Նախագահությանն իրավունք վերապահվեց «իրադրության կտրուկ փոփոխության դեպքում որոշում կայացնել հանրաքվեն ավելի վաղ ժամկետում անցկացնելու մասին»։

1991 թվականի սեպտեմբերի 21-ին հանրաքվեն կայացավ։ Հանրաքվեի արդյունքները ներկայացրել է Հանրաքվեի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, ԳԽ փոխնախագահ Բաբկեն Արարքցյանը։ Ընտրելու իրավունք ունեցող 2.163.967 քաղաքացիներից հանրաքվեին մասնակցել է 2.056.758 քաղաքացի` 95,4 %։ «Այո» քվեարկած քվեաթերթիկների թիվը` 2.042.262 (ընտրելու իրավունք ունեցողների 94,39 %)։ «Ոչ» քվեարկած քվեաթերթիկների թիվը` 10.002 (ընտրելու իրավունք ունեցողների 0,46 %)։ Անվավեր է ճանաչվել 4129 (0,19 %) քվեաթերթիկ։ Խախտումների վերաբերյալ բողոքներ չեն ստացվել։ Հանրաքվեի ընթացքին հետևել են 117 դիտորդ` 25 երկրներից։

Հանրաքվեի արդյունքում 1991 թվականի սեպտեմբերի 23-ին Հայաստանի Գերագույն Խորհուրդը հաստատեց Հանրապետության ելքը ԽՍՀՄ-ի կազմից։ Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց անկախ պետություն։

Iravaban.net-ը շնորհավորում է բոլորին Անկախության տոնի առթիվ։

Leave a Comment