Հայաստանը դեմ չէ հայկական երկաթուղու կառավարումը Ղազախստանին հանձնելուն. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը դեմ չէ հայկական երկաթուղու կառավարումը Ղազախստանին հանձնելու սցենարին։ «Բուն TV»-ի հաղորդաշարի շրջանակներում նա պարզաբանել է, որ ներկայումս հայկական երկաթուղային համակարգը կառավարող ռուսական «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության շուրջ ստեղծված միջազգային սանկցիոն ռիսկերը խոչընդոտում են նոր ներդրումների ներգրավմանը։

Այս իրավիճակում հայկական կողմի ակնկալիքն այն է, որ ռուսական կողմն իր համաձայնությամբ կոնցեսիոն իրավունքը կփոխանցի փոխադարձաբար ընդունելի երրորդ կողմի։

«Բոլորի մտքում առաջին հերթին Ղազախստանն է, թերևս նաև այն պատճառով, որ Ղազախստանը բավականին լավ զարգացած ենթակառուցվածք ունի, երկաթուղու ոլորտում ներդրումներ անելու փորձ ունի», — ասել է Փաշինյանը:

Վարչապետը միաժամանակ ընդգծել է, որ այս քայլը չի նշանակում Ռուսաստանի հետ հարաբերությունների խզում, այլ նպատակ ունի փոխգործակցությունը զարգացնել, բայց «նոր միջավայրում ու նոր պայմաններում», և այս հարցը նախատեսվում է քննարկել Մոսկվա կատարելիք առաջիկա այցի և ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ։

Leave a Comment