Fox News․ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կապի մեջ է հութիների հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը մշտական կապի մեջ է եմենյան «Անսար Ալլահ» ապստամբ հութիական շարժման հետ։ Այդ մասին հայտնել է Fox News-ը։

«Նախագահն ասել է, որ Միացյալ Նահանգները մշտական կապի մեջ են հութիների հետ, և նրանք համաձայնել են ռազմական գործողություններ չվարել Միացյալ Նահանգների դեմ»,- հեռուստաալիքի եթերում հայտնել է լրագրող Թրեյ Յինգստը։

Նրա խոսքով՝ ամերիկյան առաջնորդը առանձնահատուկ չի համարում շաբաթվա վերջին Եմենի շուրջ ստեղծված իրավիճակը։ «Նա այս հանգստյան օրերը նկարագրել է որպես մյուս բոլոր հանգստյան օրերից ոչնչով չտարբերվող՝ չնայած (Մերձավոր Արևելքի) տարածաշրջանում ԱՄՆ քաղաքացիներին ուղղված նախազգուշացումներին»,- նշել է Յինգստը։

Սեպտեմբերի 19-ին Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ԱՄՆ դեսպանատները կրկին հրապարակել էին ամերիկացիներին ուղղված հիշեցումներ՝ տարածաշրջանում լարված իրավիճակի պատճառով զգոն լինելու անհրաժեշտության մասին։ Հորդանանում, Իսրայելում, Իրաքում, Կատարում, Բահրեյնում, Սաուդյան Արաբիայում, Օմանում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Լիբանանում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունները հայտնել էին, որ Մերձավոր Արևելքում լարվածության պայմաններում անվտանգության իրավիճակը շարունակում է բարդ մնալ՝ չնախատեսված էսկալացիայի հավանականությամբ։

Նույն օրը Թրամփը մեկ օր շուտ, քան նախատեսված էր, լքել էր Մերիլենդ նահանգի Քեմփ Դևիդում գտնվող իր արտագնա նստավայրը։ Ամերիկյան լրատվամիջոցները ենթադրել էին, որ նրա վաղաժամ վերադարձի պատճառը Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններն են։ Մասնավորապես, The Hill-ը Թրամփի՝ Վաշինգտոն չնախատեսված վերադարձը կապել էր հուսիների՝ Էր-Ռիադին հասցրած հարվածի հետ, որը, ըստ հրապարակման, հետ էր մղել Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանությունը։

Leave a Comment