Ռուսաստանում ավարտվում են Պետդումայի ընտրությունները. քվեարկությունն ընթանում է ԱԹՍ-ների զանգվածային գրոհների և հեռահար հարվածների սպառնալիքների ֆոնին

Ռուսաստանում այսօր Պետդումայի 9-րդ գումարման եռօրյա ընտրությունների վերջին օրն է։ Քվեարկությունը մեկնարկել էր սեպտեմբերի 17-ին։ Սրանք խորհրդարանական առաջին ընտրություններն են հակամարտության մեկնարկից ի վեր։ Ռուսաստանի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող ուկրաինական տարածքներում նույնպես քվեարկություն է ընթանում։ Խորհրդարան անցնելու համար քաղաքական ուժերը պետք է հաղթահարեն 5%-ի շեմը։ Դաշնային կուսակցական ցուցակներով ընտրություններին մասնակցում է տասը կուսակցություն։ Ընդհանուր առմամբ պետք է ընտրվի 450 պատգամավոր․ 225-ը՝ համամասնական ցուցակներով, ևս 225-ը՝ մեծամասնական ընտրատարածքներով։

Պետդումայի ընտրությունների քվեարկություն է անցկացվում նաև Հայաստանում։ ՌԴ դեսպանատան տվյալներով՝ ձևավորվել է երկու ընտրատեղամաս՝ Երևանում ՌԴ դեսպանատանը ևԳյումրիում գլխավոր հյուպատոսությունում: Ի տարբերություն Ռուսաստանի՝ Հայաստանում քվեարկությունն անցկացվում է մեկ օրում՝ սեպտեմբերի 20-ին, ժամը 8-ից մինչև 20-ը։ Քվեարկությանը կարող են մասնակցել Ռուսաստանի չափահաս այն քաղաքացիները, որոնք մշտապես բնակվում կամ ժամանակավորապես գտնվում են Հայաստանում:

Աննախադեպ հարձակում Մոսկվայի վրա և սահմանափակումներ օդանավակայաններում

Մինչ ընթանում է քվեարկությունը, ՌԴ տարածքը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հզոր գրոհի։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ ՀՕՊ ուժերը հետ են մղել ուկրաինական ԱԹՍ-ների ամենազանգվածային հարձակումը. երեկվանից բոլոր բնագծերում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ, որոնցից 450-ը՝ Մոսկվայի մատույցներում։ «Այս աննախադեպ հարձակումը, ակնհայտորեն, ծրագրվել էր ընտրությունները խաթարելու նպատակով», — հայտարարել է քաղաքապետը։ Միևնույն ժամանակ, տեղական իշխանությունները հայտնում են, որ Մոսկվայի մարզում  երկու մարդ է զոհվել։

Անվտանգության սահմանափակումների պատճառով Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 30 ինքնաթիռ չի կարողացել վայրէջք կատարել, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։ «Շերեմետևո» ուղևորվող շուրջ 25 չվերթ վերահասցեագրվել է պահեստային օդանավակայաններ։ Եվս 10 օդանավ չի կարողացել վայրէջք կատարել «Վնուկովո» օդանավակայանում։

Ռուսաստանում ստեղծված իրավիճակն անմիջականորեն ազդել է նաև Հայաստանի օդային հաղորդակցության վրա։ Ըստ «Զվարթնոց» օդանավակայանի օնլայն չվատախտակի տվյալների՝ թռիչքների ժամանակացույցի զգալի խաթարումներ և ուշացումներ են արձանագրվել ինչպես  Հայաստան ժամանող, այնպես էլ Հայաստանից ՌԴ մեկնող մի շարք չվերթներում։

Ուկրաինան և Ռուսաստանը շարունակել են հարձակումները միմյանց էներգետիկ ենթակառուցվածքների վրա՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը,  կողմերը պայմանավորվել են դադարեցնել դրանք։ Ուկրաինան պաշտոնապես չի մեկնաբանել Մոսկվայի վրա հարձակումների մասին տեղեկությունները։

Զելենսկու նոր սպառնալիքներն ու փոխադարձ հարվածները

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Telegram-ում տեղեկացրել է՝ ՌԴ տարածքի խորքերին հեռահար նոր հարվածներ հասցնելու մասին՝ պաշտպանության նախարար Եվգենի Խմարայի և Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Միխայիլ Դրապատիի հետ ունեցած խորհրդակցությունից հետո։ «Ի պատասխան ռուսական հարձակումների՝ համաձայնեցրել եմ նաև հեռահար նոր գործողություններ», — նշել է նա՝ հավելելով, որ Կիևը պատրաստվում է ընդլայնել իր «հեռահար հնարավորությունները»։

Այս հայտարարությունների ֆոնին բալիստիկ հրթիռներ մշակող ուկրաինական մասնավոր Fire Point ընկերությունը ազդարարել է Ռուսաստանի տարածքին սպասվող մոտալուտ հարվածների մասին։ Ընկերության գլխավոր տնօրեն Իրինա Տերեխի փոխանցմամբ՝ «FP-7» մարտավարական հրթիռն արդեն հաջողությամբ անցել է փորձարկումների երկու փուլ և պատրաստվում է մարտական պայմաններում ստուգմանը։ Հրթիռները կարող են կիրառվել արդեն առաջիկա շաբաթներին։ Դեռևս հունիսի վերջին Զելենսկին հայտարարել էր ՌԴ-ի դեմ 40-օրյա «ազդեցության գործողության» մասին՝ պատերազմի ավարտը մոտեցնելու նպատակով, որից հետո Ուկրաինայի ԶՈւ-ն գրոհել էր ռուսական Wildberries և Ozon ընկերությունների տասնյակ պահեստներ, նավթավերամշակման գործարաններ ու այլ օբյեկտներ։ Օգոստոսի վերջին նա հրամայել էր ԱԹՍ-ներով հարվածների քանակը հասցնել օրական մինչև 1000-ի, իսկ Մեծ Բրիտանիան հայտարարել էր Կիևին հեռահար հրթիռների տեխնոլոգիաներ փոխանցելու մասին։

Միևնույն ժամանակ, ռուսական բանակը շարունակում է ինտենսիվ հարձակումները։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ անօդաչուներով թիրախավորվել են Ուկրաինայի լոգիստիկ կենտրոններն ու նավահանգիստները: Ըստ ռուսական կողմի՝ Կիևի մարզի Բոյարկա բնակավայրում խոցվել է հեռահար ԱԹՍ-ների բաղադրիչներ պահող «Fire Point» ընկերության պահեստը, իսկ Օդեսայում հարվածներ են հասցվել ռազմական բեռներ փոխադրող բեռնատար նավին և «Նովայա պոչտա» լոգիստիկ կենտրոնին։

Անօդաչուների սպառնալիքը Եվրոպայում. Մոլդովայի և Լյուքսեմբուրգի միջադեպերը

Անօդաչու թռչող սարքերի ակտիվությունն արձանագրվում է նաև հակամարտության գոտուց դուրս՝ խնդիրներ առաջացնելով եվրոպական երկրներում։ Մոլդովայի օդային տարածքը հատած անհայտ ԱԹՍ-ներից մեկն ընկել է սահմանամերձ գոտում, իսկ մեկ այլ դրոն պայթել է Քիշնևի մերձակայքում: Մոլդովայի ԱԳՆ-ն միջադեպը որակել է ռուսական ռազմական գործողությունների հետևանք: Դրանից առաջ՝ սեպտեմբերի 10-ին, երկրի օդային տարածքի փակման պատճառով հետաձգվել էր նախագահ Վլադիմիր Զելենսկու ինքնաթիռի թռիչքը, որը, ըստ Նորվեգիայի վարչապետի, հազիվ էր խուսափել ԱԹՍ-ի հետ բախումից:

Արտակարգ դրություն է ստեղծվել նաև Լյուքսեմբուրգում, որի միակ օդանավակայանը չարտոնված դրոնների պատճառով ժամերով դադարեցրել է աշխատանքը՝ խաթարելով բազմաթիվ թռիչքներ: Անհայտ ԱԹՍ-ները վերջին շրջանում պարբերաբար խափանում են Բրյուսելի, Մյունխենի, Հանովերի, Օսլոյի և Կոպենհագենի օդանավակայանների աշխատանքը: Ավելին, Լայպցիգում ուկրաինական ինքնաթիռի մոտ հայտնաբերված պայթուցիկով ԱԹՍ-ի համար Գերմանիան պաշտոնապես մեղադրել է Ռուսաստանին, Մոսկվան հերքում է մեղադրանքը։

Leave a Comment