Սեպտեմբերի 20-ի գիշերը Մոսկվայի տարածաշրջանը ենթարկվել է հակամարտության սկզբից ի վեր անօդաչու թռչող սարքերի ամենազանգվածային հարձակմանը, ինչի հետևանքով, տեղական իշխանությունների փոխանցմամբ, զոհվել է երկու մարդ, իսկ առնվազն 20-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։
Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովի հաղորդմամբ՝ Ռամենսկի շրջանի Սոֆյինո գյուղում ԱԹՍ-ի հարվածից եռահարկ շենքում զոհվել է 44-ամյա մի կին, իսկ Օրեխովո-Զուևոյի շրջանում մասնավոր տան թիրախավորման պատճառով կյանքից զրկվել է մի տարեց տղամարդ։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը ընդհանուր առմամբ խոցել են ավելի քան 1600 անօդաչու սարք, որոնցից 450-ը՝ մայրաքաղաքի մատույցներում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է երկրի տարբեր տարածաշրջաններում գիշերվա ընթացքում 1110 ԱԹՍ-ների կասեցման մասին։ Հարձակման հետևանքով լուրջ վնասներ են հասցվել նաև ենթակառուցվածքներին. Մոսկվայի Կապոտնյա թաղամասի նավթավերամշակման գործարանի տարածքում ԱԹՍ-ների անկումից հետո հրդեհ է բռնկվել, իսկ Սոֆյինոյում հրդեհվել է խոշոր լոգիստիկ համալիր։
Բացի այդ, արձանագրվել են հարվածներ բնակելի սեկտորում, մասնավորապես՝ Ռամենսկի շրջանում հրդեհվել է 21-հարկանի շենքի տանիքը, որտեղից տարհանվել է շուրջ 400 բնակիչ, իսկ ավերածություններ են գրանցվել նաև Կոտելնիկիում, Իստրայում և Լյուբերցիում։ Այս ամենի պատճառով մայրաքաղաքի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայանները լիովին դադարեցրել են աշխատանքը, իսկ «Շերեմետևոյում» «Կովյոր» ռեժիմի սահմանման պատճառով հետաձգվել կամ չեղարկվել է ավելի քան 150 չվերթ։
Մոսկվայի իշխանությունները կատարվածը որակել են որպես Պետդումայի ընտրությունների վերջին օրը իրավիճակը ապակայունացնելու փորձ, իսկ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն այս գործողության վերաբերյալ դեռևս պաշտոնական մեկնաբանություն չի տարածել։
Ռուսաստանում այսօր ընթանում է Պետական դումայի ընտրությունների երրորդ և եզրափակիչ օրը։ Տեղամասերը կփակվեն երեկոյան, որից հետո կսկսվի ձայների հաշվարկը։