Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրենքին, որը խստացնում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները և ընդլայնում Իրանի դեմ սահմանափակումները։ Այդ մասին հայտնել է չինական «Global Times» թերթը՝ հղում անելով Չինաստանի առևտրի նախարարության ներկայացուցչի հայտարարությանը։
Թերթի տեղեկություններով՝ շաբաթ օրը գերատեսչության ներկայացուցիչը հայտարարել է, որ Չինաստանը «հետևողականորեն դեմ է այսպես կոչված երկրորդային պատժամիջոցներին և միակողմանի պատժամիջոցներին, եթե դրանք չեն հաստատվել ՄԱԿ-ի կողմից և չունեն միջազգային իրավունքի հիմք»։
Առևտրի նախարարության ներկայացուցիչն ընդգծել է, որ Չինաստանը ուշադիր հետևելու է ԱՄՆ-ի հետագա քայլերին և իրեն իրավունք է վերապահում անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկել՝ իր ազգային ինքնիշխանությունն ու զարգացման շահերը պաշտպանելու համար։ Նա նաև նշել է, որ Պեկինը կոչ է անում երկխոսության և խորհրդակցությունների միջոցով պահպանել տնտեսական ու առևտրային հարաբերությունների կայունությունը։
Սեպտեմբերի 18-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է օրինագիծ, որը «նախատեսում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների, մաքսատուրքերի և արգելքների սահմանում ու ընդլայնում, ինչպես նաև երկարաձգում Իրանի դեմ գործող պատժամիջոցները»։