Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ վերջին ամիսներին ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցային գործընթացում փակուղային իրավիճակ է ստեղծվել, որը, նրա խոսքով, խորանում է հուսիների շուրջ ճգնաժամի պատճառով։
«ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում վերջին մի քանի ամիսներին փակուղի է նկատվում։ Դրա հետևանքով մենք տեսնում ենք ոչ միայն միմյանց դեմ նրանց հարձակումները, այլև Եմենի կողմից Բաբ էլ-Մանդեբի նեղուցի հետ կապված խնդիրը։ Մենք տեսնում ենք, որ կողմերը մասնակցում են ճգնաժամը Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ընդլայնելու գործողություններին։ Այժմ իրավիճակն ավելի է բարդանում»,- NTV հեռուստաալիքի եթերում ասել է նա։
Ֆիդանը նշել է, որ Թուրքիան և այլ երկրներ հանդես են գալիս նախաձեռնություններով և «ամեն ինչ անում են, որպեսզի ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններն ավարտին հասցվեն»։
«Սակայն կողմերի միջև մեծ անվստահություն կա։ Նրանք նախկինում Պակիստանում փոխըմբռնման էին հասել, սակայն հետո խնդիրներ առաջացան այդ պայմանավորվածությունների իրականացման հարցում։ Այժմ երկու կողմերն էլ բացահայտորեն գործընթացն այնպես են վարում, որ այն իրենց ձեռնտու լինի»,- նշել է Ֆիդանը։
Նա նաև ընդգծել է, որ հակամարտության կողմերին փոխզիջման հասնելու համար նոր պայմաններ են առաջարկվում։
«Հուսով եմ՝ նրանք կընդունեն դրանք։ Հակառակ դեպքում ներկայիս ճգնաժամը, որը որոշակի չափով տանելի էր այն երկրների համար, որոնց վրա այն ազդում է, որոշ պետությունների համար արդեն սկսել է այնպիսի տնտեսական հետևանքներ ունենալ, որոնք դուրս են գալիս թույլատրելիի սահմաններից։ Մենք դա տեսնում ենք Եվրոպայում, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և Աֆրիկայում»,- ասել է Ֆիդանը։