«Այդ ի՞նչ թվեր են» և «թող շատ վճարեն». հարցում՝ ՀՀ անձնագրի նոր պահանջների մասին

Ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) առաջարկել է ՀՀ քաղաքացիություն ստանալ ցանկացող ազգությամբ հայերի համար սահմանել երկրում երկու տարի բնակվելու պահանջ և բարձրացնել պետական տուրքերը․ քաղաքացիություն ստանալու համար՝ 50 հազարից մինչև 250 հազար դրամ, իսկ դրանից հրաժարվելու համար՝ 150 հազարից մինչև 1,5 միլիոն դրամ։

ՆԳՆ առաջարկով՝ ազգությամբ հայերի համար նախատեսվող երկամյա բնակության պահանջը ենթադրում է Հայաստանում գտնվել տարեկան առնվազն 183 օր։ Քաղաքացիությունից հրաժարվելուց հետո այն հնարավոր կլինի վերականգնել ոչ շուտ, քան հինգ տարի անց։

Ընդդիմությունը քննադատել է նախաձեռնությունը՝ պնդելով, որ այն կարող է սահմանափակել սփյուռքահայերի՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու հնարավորությունն ու թուլացնել նրանց կապը Հայաստանի հետ։

Armenia Today-ը հարցում է անցկացրել Երևանում՝ պարզելու, թե մասնակիցներն ինչպե՞ս են վերաբերվում ՀՀ-ում բնակվելու պահանջին ու պետական տուրքերի բարձրացմանը և ի՞նչ ազդեցություն են ակնկալում Հայաստան-Սփյուռք հարաբերությունների վրա։

Հարցման մասնակիցների մեծ մասը դեմ է արտահայտվել պետական տուրքերի առաջարկվող չափերին, իսկ որոշ մասնակիցներ աջակցել են քաղաքացիություն ստանալու պայմանների խստացմանը՝ մասնավորապես Հայաստանում բնակվելու պահանջին։

Հարցման մասնակիցներից մեկը շեշտել է, որ պետությունը տարբերակում չպետք է չդնի սփյուռքահայերի և Հայաստանում բնակվող հայերի միջև։ «Ոչ, առաջին օրվանից պետք է ստանան, հայ են, նույն ազգն ենք, ի՞նչ տարբերություն»,- ասել է քաղաքացին։

Մեկ այլ մասնակից աջակցել է Հայաստանում բնակվելու պահանջին։

«Համաձայն եմ, որ անպայման գրանցվեն, ապրեն աշխատեն․ դա նորմալ է»,- ասել է քաղաքացին։

Պետական տուրքերի առաջարկվող չափերը ևս տարբեր արձագանքների են արժանացել։ Մասնակիցներից մեկը զարմացել է՝ լսելով գումարների մասին։

«Վայ, աստված, իհարկե ոչ, համամիտ չեմ, այդ ի՞նչ թվեր են»,- ասել է քաղաքացին։

Մեկ այլ մասնակից առաջարկել է ավելի բարձր տուրք սահմանել քաղաքացիություն ստանալու, ոչ թե դրանից հրաժարվելու համար։ «Քաղաքացի դառնալու համար թող շատ վճարեն ու դա թող գնա բյուջե»,- ասել է նա։

Հարցման մասնակիցներից մեկը Հայաստան-Սփյուռք կապերի թուլացման վտանգ է տեսնում, եթե առաջարկվող պայմանները չմեղմացվեն։ «Եթե մի փոքր զիջում չլինի, դա կթուլացնի Հայաստան-Սփյուռք կապը»,- կարծիք է հայտնել քաղաքացին։

Մեկ այլ մասնակից կարծիք է հայտնել, որ առաջարկվող պայմանները կարող են սփյուռքահայերին դրդել նախընտրել այլ երկրներում ապրելն ու աշխատելը։

«Կթուլացնեն կապը և դեռ մի բան էլ չեն գա Հայաստանում կաշխատեն»,- կարծիք է հայտնել մի քաղաքացի։

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը փոփոխությունները բացատրել էր քաղաքացու կապը պետության հետ ամրապնդելու և չարաշահումների ռիսկերը նվազեցնելու անհրաժեշտությամբ։ Նա նաև դրանք կապել է Եվրամիության հետ վիզաների ազատականացման գործընթացի հետ։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը քննադատել է առաջարկվող փոփոխությունները՝ պնդելով, որ դրանք կսահմանափակեն սփյուռքահայերի՝ Հայաստանի քաղաքացիություն ստանալու հնարավորությունը և կհեռացնեն նրանց Հայաստանից։ Նրա գնահատմամբ՝ արդյունքում «կապը կտրվում է, ստեղծվում է պառակտում Հայաստանի և աշխարհասփյուռ հայության միջև»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment