Չափազանց վտանգավոր է կարծել, թե ադրբեջանական ախորժակը հագեցել է․ Վիտալի Մանգասարյան

19 Սեպտեմբերի, 2026

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արցախի դեմ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին իրականացված ադրբեջանական հարձակումը դարձավ մեր պատմության ամենաողբերգական էջերից մեկը։

Չնայած 44-օրյա պատերազմում կրած հսկայական ու ծանր կորուստներին՝ այդ ժամանակ Պաշտպանության բանակը շարունակում էր մնալ գործուն և մարտունակ միավոր, և շարունակում էր մնալ արցախահայության անվտանգության համակարգային հենասյունը։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շատ լավ էր գիտակցում, որ քանի դեռ ՊԲ-ն կա, անհնար է ամբողջությամբ կոտրել տեղի հայության դիմադրությունը։

Հենց այս պատճառով Բաքուն ընտրեց երկարատև շրջափակման ու հյուծման ցեղասպան մարտավարությունը։ Մեկ տարի շարունակ Արցախը պահելով սովի և շրջափակման մեջ՝ նպատակը մեկն էր՝ թուլացնել Պաշտպանության բանակի և ժողովրդի դիմադրողականությունը ներսից, զրկել կենսական ռեսուրսներից, որպեսզի վերջնական հարվածի պահին բանակը զրկվի բնականոն գործելու հնարավորությունից։ Նրանք շատ լավ գիտեին, որ ճակատային բախման դեպքում ՊԲ-ն կարող է ծանր գին պարտադրել, ուստի գնացին հումանիտար աղետի և միջազգային լռության քողի տակ իրականացված հարձակման ճանապարհով։

Այսօր, երբ Արցախը դատարկված է, չափազանց վտանգավոր է կարծել, թե ադրբեջանական ախորժակը հագեցել է։ Ինչպես բազմիցս բարձրաձայնել եմ, Ադրբեջանի ստրատեգիական նպատակն էր կազմաքանդել ու վերացնել Արցախի Պաշտպանության բանակը, որպեսզի հեշտությամբ հասնի իր նպատակներից մեկին: Այսօր արդեն այդ նույն նպատակն ուղղված է ՀՀ Զինված ուժերին։

Ադրբեջանի համար ռազմավարական խնդիրը մնում է նույնը՝ զրկել Հայաստանին որևէ կենսունակ, մարտունակ և ինքնուրույն պաշտպանական համակարգ ունենալու հնարավորությունից։ Յուրաքանչյուր զիջում, յուրաքանչյուր միակողմանի պահանջ և բանակցային սեղանին պարտադրված նոր զիջում միտված է ՀՀ ՊՆ-ի դիրքերի թուլացմանը։
Հավերժ փառք և խոնարհում հայրենիքի պաշտպանության համար կյանքը զոհաբերածներին»։

Leave a Comment