Բուժաշխատողներին առաջին բուժօգնության նոր հմտություններ կսովորեցնեն

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի մայիսի 22-ի N 613-Ն որոշման մեջ  փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը բխում է շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող պարտադիր միջոցառումների ցանկում ներառված «Արտակարգ իրավիճակներում առաջին բուժօգնություն» դասընթացի բովանդակության վերանայման անհրաժեշտությամբ՝ հաշվի առնելով սույն դասընթացի վերաբերյալ միջազգային վերջին զարգացումները։

2․ Առաջարկվող կարգավորումների բնույթը

Նախագծով առաջարկվում է «Արտակարգ իրավիճակներում առաջին բուժօգնություն» դասընթացի համար նախատեսել գործնական և տեսական հատվածների հստակ ժամանակահատված, ինչպես նաև դասընթացում ներառել առաջին բուժօգնություն անաֆիլակտիկ շոկի, ջղաձգումների (էպիլեպտիկ նոպա), կաթվածի, կրծքավանդակի ցավի, հիպոգլիկեմիայի, բրոնխիալ ասթմայի նոպայի, թունավորումների, կենդանիների կծածների և խայթոցների  ժամանակ և առաջին բուժօգնություն ընդհանուր սառեցման (հիպոթերմիա), ցրտահարման, արևահարման, ջերմային հարվածի (հիպերթերմիա), ջերմային հյուծման ժամանակ:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից:

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում  նախատեսվում է հստակ սահմանել դասընթացի գործնական և տեսական հատվածների համար նախատեսված ժամաքանակ, ինչը կբացառի առանձին կազմակերպիչների կողմից իրենց հայեցողությամբ դասընթացի գործնական և տեսական ժամաքանակների սահանումը՝ ապահովելով միատեսակ մոտեցում։ Բացի այդ, դասընթացում նախատեսվել են երկու նոր թեմաներ։

Նախագծի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախuերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի մայիսի 22-ի N 613-Ն որոշման ( այսուհետ՝ Որոշում) մեջ  փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածի «Առողջապահության նախարարություն» բաժնի 23.2-րդ կետով և ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 174-Լ որոշման N 2 հավելվածի «2.5.2. Առողջապահության մարդկային ներուժի որակյալ համակարգի ձևավորում և կառավարում» բաժնի 1-ին կետով նախատեսված՝ բուժաշխատողների լիցենզավորման համակարգի ներդրմանն ուղղված քաղաքականությունից։ Որոշմամբ սահմանված բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող պարտադիր միջոցառումների համակարգը հանդիսանում է բուժաշխատողների մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական կատարելագործման, մասնագիտական համապատասխանության գնահատման և հավաստագրման ապահովման գործիքներից մեկը՝ դրանով իսկ նպաստելով բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգի համար անհրաժեշտ մասնագիտական և իրավական հիմքերի ձևավորմանը։ Ավելին, պարտադիր համարվող ՇՄԶ կրեդիտավորված միջոցառումներին մասնակցությունը կապահովի տարբեր իրավիճակներում բուժաշխատողների պատրաստվածության բարձ մակարդակ և որակյալ բուժօգնության տրամադրում։ Անհատական լիցենզավորման համակարգի ներդրման արդյունքում, անհատական լիցենզիայի երկարաձգման համար պարտադիր պահանջ է դիտվում ՇՄԶ հավաստագրի առկայությունը, որը փաստում է բուժաշխատողի շարունակական մասնագիտական կրթություն ստանալու հանգամանքը և այս պարագայում,  բուժաշխատողները, բացի նեղ մասնագիտական դասընթացներից, պարտավորված են մասնակցել նաև Կառավարության կողմից առաջնահերթություն համարվող դասընթացների՝ պարբերաբար թարմացնելով իրենց գիտելիքները նաև արտակարգ իրավիճակներում բուժօգնության դասընթացի շրջանակում։  Հետևաբար, սույն նախագիծն անմիջականորեն բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ և ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 174-Լ որոշումից և միտված է թարմացնել Արտակարգ իրավիճակներում առաջին բուժօգնություն դասընթացի բովանդակությունը՝ միջազգային վերջին ստանդարտներին համապատասխան։

Leave a Comment