Քարակերտցիները դժգոհ են սալորի իրացումից․ ինչ լուծում է տրվելու խնդրին

Արմավիրի մարզում բերքի իրացման խնդիրներն անհանգստացնում են այգեգործներին, որոնք հարկադրված ծայրահեղ քայլերի են դիմում: Օրերս քարակերտցիները փակել էին Երևան-Իսահակյան-Գյումրի հանրապետական նշանակության ճանապարհի իրենց հատվածը: Պահանջը սալորի  իրացման համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելն է։ Գյուղացիներն ասում են՝ գնորդներ չկան, վերամշակող ձեռնարկություններն ու չրագործները չեն ընդունում:

Սալորի բերքահավաքը Քարակերտում պետք է սկսվեր 10 օր առաջ, սակայն այգիներում դեռ առատ ու որակյալ բերք կա: Իրացման խնդրի պատճառով  գյուղացիները դուրս էին եկել փողոց ու փակել Արմավիր-Գյումրի ճանապարհը:

«Օր օրի թափվում է դամբուլը, Ռոբի մոտի շաքարավազն արդեն լրիվ առել ենք: Էլ չգիտենք ինչքան շաքարավազ առնենք, որ փլուշ լցնենք,  էդ օղին հետո ո՞ւմ ծախենք: Բերքը ոչ դուրս է գալիս, ոչ էլ: Անցած տարի խնդիր չի եղել, նորմալ ծախվել է: Չրագործներն էլ գումար չունեն, որ առնեն, 1 տոննա չի, 2 տոննա չի: Չրագործներին դիմել ենք, ասել են՝ պետք է սուբսիդավորեն, բայց ներկա պահին սուբսիդիա չկա»:

Միայն Քարակերտում ավելի քան 1000 տոննա սալոր կա: Մի մասը 80 դրամով վաճառել են արտահանողներին, իսկ բերքի հիմնական մասը դեռ այգիներում է: Հայկասար Անտոնյանը միայն 3 հա սալորի այգի ունի: Նախորդ տարի իրացման խնդիր չի ունեցել՝ և՛ արտահանել է, և՛ վաճառել չրագործներին:

«Ես տարիներ շարունակ աշխատել եմ չրագործների հետ, 200-300 դրամով վաճառվել է, և ոչ մեկս ոչ մեկից դժգոհ չենք եղել: Բայց էս տարի ամեն ինչ խախտվել է, ռուսական ճանապարհները փակվել են: 35 տարի ես այգի եմ հիմնել»:

Սալորի իրացման խնդրով  քարակերտցի այգետերերը 2 շաբաթ առաջ դիմել էին Արմավիրի մարզպետի աշխատակազմին: Մարզպետի խորհրդական Արբակ Եղիազարյանը վստահեցրել էր, որ հարցը քննարկվելու է կառավարության սեպտեմբերի 11-ի նիստում՝ ասում է Քարակերտի բնակիչ Արթուր Գալստյանը:

«Նիստով այդ հարցը չքննարկվեց: Դրանից հետո համայնքին տեղյակ են պահում, թե ժողովրդին ասեք,  թող դուրս չգան, մի 2 օրից այդ հարցին պատասխան կտան: 2 օր, 2 օր, արդեն 10 օր եղավ, մեր բերքն էլ թափվում է»:

Արթուր Գալստյանի այգին մոտ 1 հա է, որտեղ  ավելի քան 25 տոննա սալոր կա: Անցած տարի ամբողջն իրացրել էր 250 դրամով: Բերքի ծանրությունից ծառերը թեքվել ու պառկել են հողին: Արթուրն ափսոսում է ամեն ընկած ծառի համար:

«Սև սալորի հիմնական արմատային համակարգը խորը չի և բերքի առատությունից շուռ է եկել: Ծառի կենսունակությունն ավարտվեց, այսինքն՝ բերքահավաքից հետո ծառը գցելու եմ, վերջ, չորանալու է»:

Քարակետցի այգեգործները ճանապարհը բացեցին ոստիկանների հորդորով: Մարզպետի աշխատակազմից նրանց փոխանցել էին, որ կառավարությունը հարցը քննարկում է։

«Հարգելի ժողովուրդ, ձեզ ողջամիտ ժամանակ ենք տրամադրում, 5 րոպեի ընթացքում ճանապարհը բացեք: Մեզ փոխանցեցին, որ վաղը ձեր հարցը կքննարկվի նիստում»:   

«Վաղը, դա հեքիաթ է, թող մարդ գա, պատասխանի»:

«Հո, ամեն օր պիտի չգամ ճամփա փակեմ, կապիկություն է, ինչ է: Էսօր պետք է, փակել ենք, վերջ: Թող գան, թող չրանոցներին սուբսիդիա տան, տեսնենք ինչ է լինելու»:

Արմավիրի մարզպետի խորհրդական Արբակ Եղիազարյանն այգեգործներին փոխանցեց նույնը, ինչ 10 օր առաջ՝ սպասում են կառավարության որոշմանը:

Բողոքի ակցիայից հետո տեղի իշխանությունների պայմանավորվածությամբ Քարակերտում  սալորը սկսել են վաճառել արտահանողին՝ 1 կգ-ը  80 դրամով, իսկ վճարելու են 2 ամիս հետո: Այս գինը, սակայն,  չի գոհացնում այգետերերին, քանի որ բերքահավաքը  լրացուցիչ աշխատուժի օգնությամբ են կազմակերպում՝ 8000 դրամ օրավարձով:

«Բերին ֆուռը կանգնեցրին, նոյեմբերի 20-ին նոր վճարելու են, իսկ մենք ոնց ենք վարկերն ու պարտքերը փակելու: Էս մարդկանց ես փող եմ տալու՝ աշխատողներին, թունաքիմիկատներին: Վարկերն արդեն ժամկետանց են»:

Քարակերտցիները սկսել են բերքահավաքը, բայց մեծ մասը սպասում է չրագործներին՝ ավելի հարմար գնով վաճառելու համար:

Leave a Comment