Արցախի մեկօրյա պատերազմը․ ամբողջական հայաթափումից 3 տարի է անցել

Ուղիղ երեք տարի առաջ՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, 9-ամսյա տոտալ բլոկադայից հետո Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում սկսեց Արցախի Հանրապետության դեմ։ Ժամը 13։ 00֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը Արցախայան շփման գծի ողջ երկայնքով խախտում է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Այս ագրեսիան դարձավ դարավոր հայկական երկրամասի ամբողջական հայաթափման վերջին արարը։

Արտաքին աշխարհից կտրված և ամիսներ շարունակ սովի ու հումանիտար ճգնաժամի մատնված Արցախի դեմ կիրառվեց ծանր ռազմական արսենալ։ Մեկօրյա կատաղի պատերազմի հետևանքով արցախյան կողմն ունեցավ 200-ից ավելի զոհ և շուրջ 400 վիրավոր։ Ադրբեջանական հարվածների թիրախում հայտնվեցին նաև խաղաղ բնակավայրերը. զոհերի թվում էին քաղաքացիական անձինք և երեխաներ։

Սեպտեմբերի 20-ին՝ անհավասար մարտերից հետո, ռուս խաղաղապահների միջնորդությամբ պայմանավորվածություն ձեռք բերվեց ռազմական գործողությունները դադարեցնելու մասին։

Ռազմական գործողությունների դադարեցմանը հաջորդեց մարդկային մեծ աղետը։ Ֆիզիկական բնաջնջման իրական սպառնալիքի ներքո՝ օրերի ընթացքում շուրջ 120 000 արցախցի բռնի տեղահանվեց սեփական հազարամյա հայրենիքից։ Մարդիկ ստիպված եղան ժամերի ընթացքում լքել իրենց տները, ունեցվածքն ու նախնիների գերեզմանները՝ բռնելով գաղթի ծանր ճանապարհը դեպի Հայաստան։

Այս բռնագաղթի հետևանքով Արցախն ամբողջությամբ անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ՝ վերածվելով բնիկ հայ բնակչությունից լիովին դատարկված տարածքի։

Տեղահանության օրերին աղետն ուղեկցվեց ևս մեկ սոսկալի պատահարով. սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին գտնվող վառելիքի պահեստի հզոր պայթյունը խլեց հարյուրավոր արցախցիների կյանքեր, ովքեր փորձում էին վառելիք հայթայթել՝ Հայաստան տեղափոխվելու համար։

Այսօր՝ կատարվածից երեք տարի անց, սեպտեմբերի 19-ը մնում է որպես հայ ժողովրդի ժամանակակից պատմության ամենացավոտ և սև էջերից մեկը, որը խորհրդանշում է մի ամբողջ հայրենիքի կորուստը և 120 հազար կոտրված ճակատագրերի չսպիացող վերքը։

Լուսանկարը՝ Հանրային ռադիոյի։

Leave a Comment