
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Դանիայի հետ «Գրենլանդիայի անվտանգության վերաբերյալ» համաձայնագիր կնքելու մասին։ Նրա խոսքով՝ այն Միացյալ Նահանգներին հնարավորություն կտա մշտապես վերահսկել Գրենլանդիայի անվտանգությանը վերաբերող հարցերը։
Թրամփը Truth Social-ում գրել է, որ Վաշինգտոնը մշտական իրավունք է ստացել Գրենլանդիայում ձեռնարկելու կղզու և ԱՄՆ-ի անվտանգությունն ապահովող անհրաժեշտ քայլերը։ Առանց ԱՄՆ-ի համաձայնության՝ հակառակորդ պետություններին կարգելվի կղզում ռազմական բազաներ հիմնել կամ ռազմավարական նշանակություն ունեցող ներդրումներ կատարել։
«Իմ հանձնարարությամբ մենք աշխատել ենք Դանիայի և Գրենլանդիայի ներկայացուցիչների հետ՝ երաշխավորելու, որ Միացյալ Նահանգները միշտ կունենա Գրենլանդիայում անհրաժեշտ գործողություններ իրականացնելու լիակատար հնարավորություն՝ Գրենլանդիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների անվտանգությունն ապահովելու և պաշտպանելու նպատակով»,-գրել է Թրամփը։
Թրամփի խոսքով՝ նախորդ վարչակազմերը շուրջ 100 տարի չեն կարողացել նման համաձայնության հասնել։
Դանիայի և Գրենլանդիայի իշխանությունները հաստատել են ԱՄՆ-ի հետ պայմանավորվածությունները, բայց ոչ համաձայնագրի ստորագրումը։